Հայաստանում ինքնամեկուսացման օրերին ընտանեկան բռնությունները պակասել են
Մարտին՝ ինքնամեկուսացման օրերին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի թվի նվազում է նկատվել։ Այս մասին փաստում են Panorama.am-ին ոստիկանության տրամադրած տվյալները։
Մարտին հունվարի համեմատ ընտանեկան բռնության դեպքերի թիվը նվազել է եռակի, փետրվարի համեմատ՝ կրկնակի։ Առավել ուրախալի է փաստը, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում ընտանիքում սպանության կամ սպանության փորձի դեպք չի գրանցվել:
Ըստ իրավապահ մարմնի տրամադրած տվյալների, այս տարվա հունվարին գրանցվել է ընտանեկան բռնության 33 դեպք, որից՝ 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 30-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծը):
Փետրվարին հունվարի համեմատ դեպքերը նվազել են։ Մեկ ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 22 դեպք, որից՝ 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծը) և 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
Մարտ ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 11 դեպք, որից՝ 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծը):
Ապրիլի տվյալները ոստիկանությունը դեռ չի ամփոփել։
Նկատենք, որ միջազգային ամենատարբեր կազմակերպություններն ինքնամեկուսացման օրերին ահազանգում են ընտանեկան բռնությունների թվի աճի վտանգի մասին՝ հիմնավորելով, որ կանայք մենակ են մնացել բռնարարների հետ, սահմանափակված են կամ չեն գործում աջակցության ծրագրերը, փակ են ապաստարանները։
Համաձայն Հայաստանի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գրանցված տվյալների, 2020թթ. հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 66 դեպք։
Համեմատության համար նշենք, որ նույն իրավապահ մարմնի տրամադրած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 128 դեպք։
Նշենք, որ 2019 թվականին վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը)։
Ոստիկանությունից նշում են, որ ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելու և բռնության ենթարկված անձանց աջակցելու նպատակով արտակագ դրության պայմաններում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին ոստիկանության ղեկավարության կողմից մեկ անգամ ևս տրվել է համապատասխան հրահանգ՝ ընտանեկան բռնության դեպքերի մասին քաղաքացիների կողմից տեղեկություն կամ բողոք ստանալիս անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկելու և բռնության ենթարկված անձանց աջակցելու վերաբերյալ: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում վերջիններիս տրամադրել նաև ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների թեժ գծերի հեռախոսահամարները:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերն ավելացել են
- Կարանտինի պայմաններում աշխարհում աճել է ընտանեկան բռնությունը. Հռոմի պապի արձագանքը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում ընտանեկան բռնության աճի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան