Արթուր Դանիելյան.Հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանեիլյանը, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծեծկռտուք էր ունեցել, առաջարկում է հաշտության ճանապարհ կերտել: Նա նաև նախապայմաններ է նշել ու ընդգծել՝ որոշումը պետք է կայացվի շատ արագ։
Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:
Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.
- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.
- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.
- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.
- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:
Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարհե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:
Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր
- Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
- Ալեն Սիմոնյան. «Ես ասացի, բարև Արթուր, պատասխանեց՝ բարև, բ...-ի տղա»
- Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանը կզրկվի պատգամավորական մանդատից. փաստաբան
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին