Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը» գիրքը կներկայացվի օնլայն շնորհանդեսի միջոցով
Financial Times-ի և Goldman Sachs-ի 2013 թվականի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին:
Բրեդ Սթոունի այս ստեղծագործությունը լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում: Գիրքը հայերեն թարգմանել և լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Արթուր Վարդիկյանը:
Շնորհանդեսը կանցկացվի ինքնատիպ ձևաչափով: Այն մայիսի 4-ին, ժամը 22:00 օնլայն կհեռարձակվի «Էդիթ Պրինտ» հրատարակչության ֆեյսբուքյան էջով:
«Գիրքը շատ թեթև ու կլանող լեզվով է գրված, հետաքրքրաշարժ կառուցվածք ունի, քանի որ հեղինակը, ով մոտ 400 հարցազրույց է արել ինչպես Amazon-ի նախկին ու ներկա աշխատակիցների, այնպես էլ այլ մասնագետների ու վկաների հետ, իր ուշադրությունը չի սահմանափակում միայն Amazon-ով:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ Բեյզոսի ընկերության վերելքին զուգահեռ՝ Սթոունը շատ վառ ու մանրամասն նկարագրում է նաև ՏՏ ու հրատարակչական ոլորտի ներկայացուցիչների կորպորատիվ գերիշխանության հասնելու մեթոդները, Սթիվ Ջոբսի, Բեյզոսի և այլ հսկաների կողմից միմյանց դեմ հյուսվող խորամանկ դավերը և վերջապես ընդհանրապես համաշխարհային ցանցի կայացման պատմությունը 1990-ի և 2000-ականների սահմանին՝ դիտարկելով Amazon-ը որպես ներկայիս աշխարհի երեսը կերպափոխող ամենաազդեցիկ ու առաջնային շարժիչ ուժերից»,-նշում է գրքի թարգմանիչ Արթուր Վարդիկյանը:
Գիրքը ներկայացնում է Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը:
Amazon.com-ը սկսեց փոստով գրքեր առաքելուց, սակայն դրա հիմնադրի՝ Ջեֆ Բեյզոսի տեսլականն ավելին էր, քան միայն գրավաճառ լինելը: Նա ցանկանում էր, որ Amazon-ը դառնար ամեն ինչի խանութ՝ առաջարկելով անսահմանափակ ընտրության հնարավորություն և գայթակղիչ ցածր գներ:
Այդ անելու համար նա զարգացրեց անկոտրում նպատակասլացության և գաղտնիության մշակույթ, որը մինչ այժմ երևէ չի խախտվել: Բրեդ Սթոունը Amazon-ի ներկա և նախկին աշխատակիցների, Բեյզոսի ընտանիքի անդամների հետ աննախադեպ հաղորդակցության բախտ է ունեցել՝ այդ կերպ ընթերցողներին առաջին անգամ ներկայացնելով Amazon-ի խորքային պատմությունը: Տեխնոլոգիայի ոլորտի նորարարներ Ջոբսի, Գեյթսի, Ցուկերբերգի համեմատ՝ Բեյզոսը ոչ հանրային անձնավորություն է:
Բայց նա առանձնանում է նոր շուկաներ փնտրելու իր անդադար մղումով, նոր ռիսկային նախաձեռնություններով, ինչպիսիք են Kindle-ը և cloud computing-ը (ամպային հաշվարկը)՝ վերափոխելով մանրածախ առևտուրը այնպես, ինչպես Հենրի Ֆորդը հեղափոխեց արտադրությունը:
«Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին և ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու և կարդալու միջոցը:
«Երբ դուք դառնաք ութսուն տարեկան և լուռ խորհրդածության պահին ինքներդ ձեզ պատմեք ձեր կենսագրության ամենաանձնական տարբերակը, դրա ամենաամփոփ ու ամենաիմաստալից հատվածը կվերաբերի ձեր կատարած ընտրությունների հարջորդականությանը: Ի վերջո, մենք մեր ընտրությունն ենք»,- ասել է 2010թ. մայիսի 30-ին Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներին հասցեագրված ելույթում ասել է Ջեֆ Բեյզոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան