Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող առաջին երկիրը
«Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կվերադարձնի զբոսաշրջիկներին»,- տուրիստական սեկտորի հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, գրում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները:
Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանությունները առաջին օրվանից աջակցել են դրան:
Վրաստանի իշխանություններն աշխատում են զբոսաշրջության աջակցության հատուկ ծրագրի վրա, որը ներառում է ինչպես հակաճգնաժամային միջոցներ, այնպես էլ խթանիչ տարրեր:
Ներկայումս, հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին կառավարությունը մինչև նոյեմբերի մեկն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից: Սա վերաբերել է Վրաստանում գործող 18 հազար կազմակերպության: Բացի այդ՝ մի շարք կազմակերպություններ մեկ տարով ազատվել են հողի վարձավճարներից: