Ֆրանսիայում շներին վարժեցնում են, որպեսզի գտնեն COVID-19-ով վարակվածներին
Ֆրանսիան փորձարկում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածներին՝ շների միջոցով հայտնաբերելու նոր տարբերակ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ մասնագետները շեշտը դրել են նրա վրա, որ շները կարողանան տարբերակել COVID-19-ով վարակվածների հոտը։
Ըստ աղբյուրի, չնայած նախաձեռնողները անվստահություն ունեն փորձի հաջողության հարցում, այնուամենայնիվ առաջին արդյունքները հուսադրող են։
Շներին վարժեցնելու փորձերը մեկնարկել են ապրիլի 30-ին։ Փորձերում ներգրավված են յոթ ծառայողական շներ՝ հիմնականում բելգիական հովվաշների ցեղատեսակի։ Որպես նմուշ, օգտագործվում են կորոնավիրուսով վարակված և դեռևս բուժում չստացած մարդկանց քրտինքով խոնավացրած բամբակները։ Նշվում է, որ այդ տարբերակը անվտանգ է շների համար, քանի որ քրտնքի միջոցով կորոնավիրուսային վարակը չի փոխանցվում։
«COVID-19 համաճարակի հենց սկզբից ես մտածեցի այդ շների մասին։ Վիրուսային հիվանդությունները հոտ են ունենում: Այս շները սովոր են նոր հոտերին վարժվելուն և COVID-19- ի հոտը այդ ցանկում ավելացնելը միանգամայն տրամաբանական կլինի», - ասել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության անասնաբուժական բաժանմունքի վարիչ Դոմինիկ Գրանջանը:
Նշվում է, որ առաջին փորձարկումների արդյունքները հուսադրող են եղել։
Հարակից հրապարակումներ`
- 106-ամյա ֆրանսուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
- Ֆրանսիայում մարզական մրցաշարերը կարող են վերսկսվել սեպտեմբերին