«Խեղճ մարդիկ». Առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում
Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում` կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով, Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով։ Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից։
«Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։ Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։
Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վեպի նամակներով ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել ինքնաբացահայտող հերոսների հոգեբանության նուրբ երանգները:
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա: