Կորոնավիրուսով կրկնակի վարակման երեք դեպք ունենք. Թորոսյան
«Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր գրանցվել են նաև Հայաստանում»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով, հիմա ակադեմիական մեծ բանավեճ կա, և քննարկվում է հարցը՝ արդյո՞ք վարակի կրկնակի դեպքեր լինում են պացիենտի ամբողջապես առողջանալուց հետո, թե՞ պարզապես վիրուսի ապաակտիվացում, ապա նորից ակտիվացում է տեղի ունենում։
«Մեզ մոտ գրանցված կրկնակի վարակման երեք դեպքերում էլ պացիենտները որևէ գանգատ չունեն, որևէ սիմպտոմ, կամ անհանգստացնող բան չունեն, բայց նրանց մոտ դուրսգրումից հետո՝ երկու շաբաթ անց, նորից վիրուս է հայտնաբերվել։ Մենք հիմա իրենց նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց հավանական վարակումը կանխարգելենք։ Եվ այդ գիտական ինֆորմացիայի հասանելի դառնալուն զուգընթաց մենք կորոշենք՝ ինչ անել»,- ասաց Ա. Թորոսյանը։
Նրա խոսքով, կրկնակի վարակման դեպքեր գրանցվել են հիմնականում Չինաստանում և Հարավային Կորեայում, և հենց վերջինիս գիտնականներն են եկել եզրահանգման, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում՝ բերանի խոռոչի և կոկորդի հյուսվածքներում։
«Դա պահպանվում է օրգանիզմում 2-3 ամիս, և ՊՇՌ-ով հայտնաբերվում է, իսկ դա ոչ թե աշխատում է վիրուսի մասնիկի վրա, այլ դրա մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել նաև ապաակտիվ վիճակում, այսինքն՝ առանց պատյանի։ Իսկ առանց պատյանի վիրուսը չի բազմանում։ Բայց դեռևս 100 տոկոս պատասխան չունենալով, մենք պետք է նույնիսկ վարակված և լավացած լինելու դեպքում պահպանենք անվտանգության կանոնները, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ կարող է հայտնաբերվել»,- ներկայացրեց Ա. Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, արձանագրվել է նաև 4 անուղղակի մահ. Թորոսյան
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին