Մինչև մայիսի վերջ կունենանք 10 հազար վարակված. Թորոսյան
«Հորդորում եմ քաղաքացիներին շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունը և հետևել անձնական հիգիենային»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ն Հայաստանի համար կանխատեսել էր կորոնավիրուսային վարակի մինչև 500 հազար դեպք, 10 հազարից ավելի հոսպիտալացման դեպքեր և հազարավոր մահեր։
«Բարեբախտաբար դա մինչ օրս տեղի չի ունեցել, որովհետև մենք ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկումը և վիրուսի տարածումը։ Եթե վերջերս օգտագործվող տերմիններով ասեմ, ապա մենք կարողացել ենք կորը հարթեցնել, և մեզ մոտ սրագագաթ պիկ չի եղել։ Միգուցե, թեթև բլուր ունենք, որը պետք է աստիճանաբար իջնի ներքև, իսկ թե երբ դա կհաջողվի, չեմ կարող ասել»,- նշեց Ա. Թորոսյանը։
Ըստ նրա, ներկայումս ակներև է, որ հաստատված դեպքերը ավելանում են։ Նախարարը վստահեցրեց, քաղաքացու վարքագծից է կախված, թե մինչև մայիսի վերջ քանի դեպք կգրանցվի և ինչ հետևանքներ կլինեն։
«Եթե մայիսի վերջին մենք ունենանք վարակի 10 հազար հաստատված դեպք, դա, իհարկե, վատ կլինի, բայց լավ կլինի 50 հազարի համեմատ, ինչը մենք պարզապես չենք կարող կառավարել։ Եվ բոլոր երկրներն անցնում են այս փուլերով։ Սահմանափակումների վերացումը ինչքան էլ, որ կնպաստի թվերի ավելացմանը, պետք է խոստովանենք, որ այսպես թե այնպես վարակի տարածումն անխուսափելի է։ Սահմանափակումների ընթացքում մենք կարողացանք կանոններն ու նորմերը մշակել, և հիմա մենք արդեն ունենք բոլոր այն նորմերը, որոնց պետք է տնտեսվարողները հետևեն»,- ներկայացրեց Ա. Թորոսյանը։
Հարցին, թե մինչև մայիսի վերջ քանի՞ հաստատված դեպք է կանխատեսվում, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ 10 հազարը իրատեսական սցենար է, և այն բարձր է այն իմաստով, որ բոլորի նկատմամբ չենք կարողանա վերահսկողություն սահմանել, և շատերին հիվանդանոցներից տուն կուղարկենք.
«Իսկ բարձր չէ այն իմաստով, որ ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերում կկարողանանք սպասարկել։ Եվ էլի ամեն ինչ կախված է լինելու այդ 10 հազարին հաջորդող քայլերից։ Տարբեր կարծիքներ կան՝ սկսած վիրուսի տարածման վրա ջերմաստիճանի ազդեցությունից մինչև ձեռք բերված կոլեկտիվ իմունիտետը։ Ճիշտ է, ես ասացի, որ ունենք դեպքեր, երբ կրկնակի վարակում է եղել, բայց գիտական հանրույթը հակված է նրան, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ վիրուսի շարունակական առկայություն մարդու մեջ։ Եվ եթե նույնիսկ շատ մեծ թիվ ունենանք, մեզ պետք է կայունություն, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերով զբաղվել»։
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն. Թորոսյան
- Կորոնավիրուսով կրկնակի վարակման երեք դեպք ունենք. Թորոսյան