Պիպոյան. Սահմանափակումների մեղմանն ընդառաջ սպառողներին պատշաճ իրազեկում չի իրականացվել
Մայիսի 4-ից, ինչպես հայտարարվել է, մի շարք տնտեսվարողների համար սահմնափակումները հանվում են։ Արդեն աշխատանքի անցնող կազմակերպությունների ու ընկերությունների համար առողջապահության նախարարությունն ուղեցույցներ է պատրաստել՝ սահմանելով կանոնները։
Այսօրվանից գործում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի սրահները, բացօթյա տարածքում գործող ռեստորանները, բարերը, սրճարանները, տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ, բուսաբանական և կենդանաբանական այգիները, սպորտային ակումբներն ու օբյեկտները՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար։
Բայց քչերը գիտեն, օրինակ, վարսավիրանոցների համար ի՞նչ պահանջներ են ներկայացված ու ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին հնարավոր խախտում կամ խախտում նկատելու դեպքում։ Պարետի՝ երեկ ստորագրված որոշումը հրապարակվել է, բայց հանրային իրազեկում չի ապահովվել։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում փաստեց, պատճաշ իրազեկում չի իրականացվել սպառողների շրջանում։ Նա հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտակարգ իրավիճակում մնալու հնարավորություն, թող շարունակեն մնալ։
«Ենթադրենք մի վարսավիրանացում չեն պահվում կորոնովիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանները։ Ի՞նչ գործիքներ կան մշակված վերահսկողության համար, ո՞ւմ պետք է դիմի սպառողը, ո՞ր ոլորտը ո՞ր մարմինն է վերահսկելու, պետք է լինի գործառույթների հստակ բախշում ու հստակություն»,-ընդգծեց նա։
Պիպոյանը նշում է, այս գործում պետական մարմինները թերացել են, իսկ սոցիալական պատասխանատվությունը սկսում է այն պահից, արդյո՞ք կարողացել են լիարժեք ապահովել տեղեկատվություն, թե ինչ են ակնկալում քաղաքացուց։
«Եթե մենք վերահսկողության հարցում ակնկալում ենք քաղաքացու աջակցությունը, ապա պետք է լինի հստակ ինֆորմացիա, թե խնդրի դեպքում ում ենք զանգելու, պարետատո՞ւն, Շուկայի վերահսկողության տեսչությո՞ւն, առողջապահության տեսչական մարմնի՞ն։ Պետք է լինի գործառույթների հստակ բախշում ու իրազեկում, որպեսզի մենք քաղաքացին ասենք՝ հարգելի քաղաքացի, դու տեսար, ինչո՞ւ չտեղեկացրեցիր։ Եթե քաղաքացին պատճած ախտահանվեց, ինքն իրականացրե՞ց ու ավարտե՞ց սոցիալական պատասխանատվության գործառույթը, թե՞ ոչ։ Սրանք պատասխաններ պահանջող կարևոր հարցադրումներ են»,-ասաց նա։
Նշենք, որ պարետի որոշմամբ, հանրային սննդի վայրերում սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում:
Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:
Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
Մարզասրահներում յուրաքանչյուր մարզիկի մարզումից հետո շփման բոլոր շփման մակերեսները պետք է մշակել 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով: Անհրաժեշտ է ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար՝ ներառյալ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է:
«Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»,-նշել էր Տիգրան Ավինյանն ու ընդգծել,
որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան