COVID-19-ի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, արձանագրվել է նաև 4 անուղղակի մահ. Թորոսյան
«Այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 121 նոր դեպք, 36 նոր բուժված քաղաքացի կա, արձանագրվել է մահվան 4 դեպք»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 39 քաղաքացի, արձանագրվել է նաև 4 անուղղակի մահ, որոնց դեպքում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձինք այլ խնդրի պատճառով են մահացել.
«Այս պահին բժշկական հսկողության տակ է գտնվում 1393 քաղաքացի։ Երեկ 765 հետազոտություն է իրականացվել, ընդհանուր առմամբ, անցկացված թեստերի քանակը 25 հազար է»։
Ա. Թորոսյանը նշեց, որ երեկվա դրությամբ, 9 քաղաքացու միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք, 35 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ինչպես նաև ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։
«Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2000 քաղաքացի, հիվանդանոցներում ունենք մոտ 350 ազատ մահճակալ, որովհետև քաղաքացիների մի մասը իրենց «բուժօգնությունը» ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ ախտանիշ չունեն։ Այդ մոտեցումը դեռ շարունակվելու է, քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ, այսինքն՝ ասիմպտոմ դեպքերը ստանալու են հյուրանոցային «բուժօգնություն»։ Իսկ միջին և ծանր դեպքերում քաղաքացիները բուժվելու են կորոնավիրուսի համար առանձնացված հատուկ մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև ավելանա։ Բայց այս պահին նման որոշում չկա»,- տեղեկացրեց Ա. Թորոսյանը։
Նա նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված են 6 բուժհաստատություններ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև այդ նպատակին են ծառայելու Կապանում, Վանաձորում և Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները։
Անդրադառնալով հաճախ հնչող հարցերից մեկին, թե ինչու են ՀՀ-ում թեստեր քիչ արվում՝ Թորոսյանն ասաց, որ անցկացված թեստերի քանակով, օրինա՝ ԱՄԷ-ն մեզ գերազանցում է 10 անգամով, բայց ՀՀ-ում արված թեստերի քանակը համադրելի է Ճապոնիայի և Իտալիայի հետ.
«Մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են, ինչը իրականում հեշտ չէ, քանի որ պահանջում է երեք կարևոր բաղադրիչ՝ բիոանվտանգություն, սարքավորում և անձնակազմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին