Ուսանողը, եթե լավ առաջադիմություն չունի, նշանակում է, որ զեղչման խնդիր չունի՞. Զոհրաբյան
«Ես շարունակելու եմ համառորեն ներկայացնել այն հարցերը, որոնք ինձ են ուղղում մեր քաղաքացիները»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, կառավարությունը դեռևս չի կարողանում տեղորոշել կարիքավոր քաղաքացիներին:
«Քաղաքացին սոցիալական աջակցությունների համար գրանցվում է, ասում եք՝ կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք՝ մինչև կթարմացվի: Բայց դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որ ծրագրերի շահառու քաղաքացիները կարողանան օգտվել այդ աջակցության ծրագրերից: Միգուցե, շատերի համար մեկ օրը կամ մեկ շաբաթը ոչինչ չի նշանակում, բայց այդ քաղաքացիների համար մեկ օրը կենսական նշանակություն ունի»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Պատագամավորն անդրադարձավ նաև ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրերին: Նա նշեց, որ այնպիսի բարձր ՄՈԳ են սահմանել, որ այդպիսի ՄՈԳ ունեցողն, այսպես թե այնպես, համարվում է գերազանցիկ և հիմնականում օգտվում է անվճար համարարգում սովորելուց:
«Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ էս ֆորս-մաժորային իրավիճակը ուղիղ կապ ունի՞ ուսման առաջադիմության հետ: Այսինքն՝ ով լավ առաջադիմություն չունի, նշանակում է, որ զեղչման խնդիր չունի՞: Այդպես չէ, այս համակարգը վերանայեք: Կամ, որ ասում եք՝ անտոկոս վարկ կտաք, բա հետո՞: Բա այդ մայր գումարը որտեղի՞ց են մուծելու այն ուսանողները, որոնց ծնողները այս իրավիճակում չեն աշխատում»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը:
Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ դեռևս շարունակում է ահազանգեր ստանալ, որ կալանավորներին դեռևս չի թույլատրվում հանձնուկներով միրգ և քաղցրավենիք ուղարկել.
«Եթե բերդի կողքի բուդկայից թույլ են տալիս միրգ գնել, ինչո՞ւ թույլ չեն տալիս ընտանիքի անդամներին նույն միրգն ու քաղցրավենիքը ուղարկել»: