«Մեկ ամսից ավելի է սուխարի ենք ուտում, կարանք բան էլ չուտենք». նամակ ՔԿՀ-ից
«Ինձ մոտ տպավորություն է, որ արդարադատության նախարարը խթանում է ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող խանութների առևտուրը»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Անի Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ մարտի 16-ին քրեակատարողական հիմնարկներում արգելվել է հանձնուքների ու ծանրոցների փոխանցումը, այն դեպքում 12 ՔԿՀ-ներից միայն երկուսում են սննդի խնդիրը լուծում մասնավոր կազմակերպությունների միջոցով, մնացած 10-ում կա սննդի հարց:
Պատգամավորը, որպես իր ասածի հիմնավորում ընթերցեց ՔԿՀ-ներից մեկից ստացած նամակը, որն ուղղված է Արդարադատության նախարարին. «Մեկ ամսից ավելի է սուխարի ենք ուտում, կարանք բան էլ չուտենք, բայց խի՞ էլի...որ հաշվեհամարով իրենց լարյոկից առևտուր անես, լավ էլ ամեն ինչ կբերեն: Հիմա ո՞նց հասկանանք, փաստորեն մեր մամաների սարքածից կամ պակետով մարկետից առածից կվարակվենք, իսկ տատիկների սարքացիծ ու լարյոկից առածից չենք վարակվի»:
Սամսոնյանը նկատեց, որ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում պետք է հարազատներին հնարավորություն տրվի, ընտանիքի անդամ կալանավորներին տալ սնունդ, անհրաժեշտ պարագաներ՝ հաշվի առնելով հնարավոր պաշտպանական միջոցները:
Հասկանալի համարելով, որ արտակարգ դրության ժամանակ տեսակցությունների և հանձնուքների արգելքը կարող է լինել ընդունելի, ըստ Անի Սամսոնյանի, ընթացքը ցույց է տվել, որ այն այնքան էլ ողջամիտ չէ:
«Որովհետև, եթե օրինակ, արգելում են կալանավորի հարազատի բերած տուփով քաղցրավենիքը, բայց նույն տուփով քաղցրավենիքը կալանավորը կարող է գնել ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող խանութից, սա արդեն ողջամիտ չէ»,- հայտարարեց պատգամավորը և Արդարադատության նախարարին կոչ արեց արձագանքել խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան