Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը տասն անգամ ավելի մեծ է
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը տասն անգամ ավելի մեծ է, քան հաստատված դեպքերը: Այս մասին են հայտնում Բոնի համալսարանի հետազոտողները:
Ուսումնասիրությունը մեկ անգամ ևս հիշեցնում է վարակիչ այս հիվանդության վտանգի ծավալների մասին, որը մարդկանց մի մասի մոտ առաջ չի բերում ախտանիշներ, ինչն էլ, ըստ գիտնականների, ամենավտանգավոր հանգամանքն է համաճարակը տարածվելու գործում:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Համալսարանի գիտահետազոտական խումբն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ, երբ Գերմանիան երկուշաբթի օրվանից սկսեց մեղմել սահմանափակումները, բացվեցին թանգարանները, վարսավիրանոցները, եկեղեցիներն ու ավտոգործարանները: Հետազոտող խմբի անդամների խոսքերով, Գերմանիայում այսօր պետք է լինի մոտավորապես երկու միլիոն վարակակիր, ինչը տասն անգամ բարձր է պաշտոնապես հայտարարված թվերից:
Հետազոտողներն այս կարծիքին են հանգել Հոլանդիայի սահմանին գտնվող Հայնսբերգ քաղաքում պատահաբար ընտրված 919 անձանց արյան նմուշներ վերցնելուց հետո: Նրանց հաջողվել է պարզել նաև, որ վարակը հայտնաբերված անձանց մեկ հինգերորդի մոտ հետագայում ևս չի նկատվում որևէ ախտանիշ: