«Ցիկլը, աշխատատեղը, այդ ամենը հասկանալի է, բայց փողն ո՞ւր է». Տիգրան Ուրիխանյան
«Ես նստած սպասում եմ ՊՎԾ-ի ստուգումներին, մեր՝ ձեր հետ համատեղ աշխատանքին, բայց ստանում եմ կառավարության 613-Ա որոշումը, որով Տիգրան Ուրիխանյանը հանվում է կառավարության քվոտայով ներկայացված Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը՝ ցանկանալով վարչապետից իմանալ իր հետ վերջինիս չհամագործակցելու պատճառները:
Պատգամավորը իր խոսքում հայտնեց, որ սկսած 2018 թվականից 9 անգամ աջակցության ձեռք է մեկնել կառավարությանը, վարչապետին, առանձին հանդիպել են, ոտի վրա խոսել են, ԱԺ-ում պաշտոնապես 4-5 անգամ հարցը բարձրացրել է, օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել: Դրանով, ըստ Ուրիխանյանի, փորձել է օգնել բացահայտել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հաշվին 87 հացար աշխատողի աշխատավարձերից ամսական 870 մլն դրամ կազմող 1000-ական դրամ վճարների անհետացման պատճառները:
«Քանի որ շատ եք խոսում աշխատատեղերի մասով, խնդրում եմ ասեք, թե ի՞նչն էր խանգարում, որ Տիգրան Ուրիխանյանը շարունակեր օգնել երկրին, կառավարությանը, իշխանությանը: Այդ խնդրի լուծմանը հասնեինք, հետո նոր ինձ հանեիք հիմնադրամից»,- հարցրեց պատգամավորը:
«Ես շատ ուրախ եմ, որ որևէ մի կոնկրետ հարց գոնե լուծվել է»,- թերևս միայն իրեն հատուկ հումորով պատասխանեց վարչապետը և կարծիք հայտնեց, որ նա ընթացիկ կարգավիճակում ավելի մեծ օգնություն ցույց կտա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջինս հոգաբարձուների խորհրդի անդամ էր նրա համար, որ այդ հարցերը իր մոտ չծագեին:
«Ինչ վերաբերում է այդ ցուցանիշներին, այդտեղ հաշվապահական նրբություն կա, որից իրականությունը չի փոխվում: Այդ թվերի համար հարկային հաշվետվություն է ներկայացվել աշխատավարձ է վճարվել և եկամտային հարկ է վճարվել: Այն պրոբլեմը, որի մասին խոսում եք, կարող է կապված լինել միայն 1000 դրամի վճարման ցիկլերի և օրենսդրական նրբությունների հետ, ուրիշ թեմա այդտեղ չկա: Որովհետև այդ գումարները գնում են ՊԵԿ և մեկ ամսվա պարբերականությամբ փոխանցվում են հիմնադրմաին»,-նկատեց վարչապետը:
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ մեկ ամսվա ցիկլով չէ, ԱԺ-ում նա վարչապետին այն ցույց է տվել, և վերջինս հաձայնել է՝ մոտ 6 ամսվա գումարը չկա:
«Դատախազությունից գրություն ենք ստացել, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, վերջապես ձեր օգնականից գրություն ունեմ, որտեղ գրված է, որ 1.9 մլրդ-ի հասնող պարտավորություններ չեն կատարվել: Ցիկլը, աշխատատեղը, այդ ամենը հասկանալի է, բայց փողն ո՞ւր է»,-հարցրեց Տիգրան Ուրիխանյանը:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց դահլիճում նստած պաշտպանության նախարարին, թե արդյո՞ք կատարել են պատգամավորին սպառիչ պատասխան տալու իր հանձնարարականը:
Դավիթ Տոնոյանը դրական պատասխան տվեց:
«Բա ինչո՞ւ է այդ դեպքում նորից հարց տալիս պատգամավորը: Գուցե հավաքվենք խոսենք, կամ գուցե քննիչ հանձնաժողով ստեղծենք: Ես բացառում եմ, որ այնտեղ որևէ բան այնպես չե, բայց եթե պարզվի, որ այդպես չէ…»,- հայտարարեց Փաշինյանը և կրկին շեշտեց, որ Ուրիխանյանը, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ պետք է պատմեր դրանց մասին, ոչ թե հարց տար:
Ուրիխանյանը նկատեց, որ իրեն արդեն հանել են աշխատանքից:
«Արդյունավետ չեք աշխատել, դրա համար էլ հանել ենք»,- եզրափակեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան