Փաշինյան. Մենք գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պետք է ասենք, վերադարձրեք այդ գումարները
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց՝ ԱԻՆ-ում, ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում աշխատող շատ մարդիկ դարձել են 9-րդ ծրագրի շահառու, գումարները ստացել են, ծախսել, իսկ հիմա գրություններ են ստանում՝ որով պահանջվում է դրանք վերադարձնել։ Նա հետաքրքրվեց, ինչպե՞ս է լուծվելու հարցը։
Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ վարչապետը։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար»,- հայտարարեց նա։
Նա մանրամասնեց, որ կան ծառայության գաղտնի տեսակներ, որոնք արձանագրված չեն բազաներում։ Հենց դա էլ սողանցք է դարձել։
«Շատ ցավալի փաստ է, որ մեր սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են այլ ուղղությամբ։ Այդ գումարները պետք է վերադարձվեն։ Եվ ավելին, պետք է ծառայողական քննություն իրականացնել, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Դա շատ վատ երևույթ է, որ նման ճգնաժամային իրավիճակում առաջնորդվում են այդ տրամաբանությամբ։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս է, էդ միջոցառումից գումար է տանում, մյուսի աշխատավարձն առաջնային կարգով բարձրացրել ենք, պայմանները բարելավվել ենք, գալիս է ըտեղից գումար է տանում»,- ասաց Փաշինյանը։
Նա պատգամավորին հանդիմանեց նաև հարցի նման ձևակերպման համար։
«Դուք պետք է էդ հարցը ոչ թե ըտենց տայիք, այլ պետք է ասեիք, ե՞րբ եք օր առաջ էդ գումարները վերադարձնելու ու ճիշտ նպատակին ծառայացնելու համար։ Մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնել։ Մենք գաղտնի ծառայություն իրականացնողներին պետք է ասենք, վերադարձրեք այդ գումարները, որովհետև դրանք ձեր գումարները չեն»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, շատ վատ է, որ այդպես վարվել են իրավապահ համակարգի ներկայացուցիչները, դատապարտում է նրանց արածն ու ամաչում դրա համար։
Հիշեցնենք, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն՝ 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին
- Սոցնախ. Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը
- Զարուհի Բաթոյան. Դիմումների մեծ թվի պատճառով մի քանի ժամով դադարեցրել ենք 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին