Կորոնավիրուսով վարակված հիվանդներ կան, որ 40 օր է՝ հիվանդանոցում են. նախարար
«Որքա՞ն գումար է ծախսվում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի վրա»,- կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ հարցն ուղղելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին Ա. Թորոսյանը նշեց, որ այդ թվերն անգիր չգիտի։
Արձագանքելով Հ. Այվազյանը խնդրեց գոնե մոտավոր թվեր ներկայացնել, քանի որ հիվանդներ կան, որոնք 40 օր գտնվում են հսկողության ներքո, և ինքը ցանկանում է հասկանալ՝ ո՞րն է դրա պատճառը՝ չե՞ն կարողանում բուժել, թե՞ թեստերն են սխալ։
Ի պատասխան Ա. Թորոսյանը նշեց.
«Ձեր մոտ ինչ-որ կասկած կա, որ մենք արհեստականորեն մեր քաղաքացիներին երկար պահում ենք հիվանդանոցներում կամ հյուրանոցներո՞ւմ։ Եթե նման կասկած կա, ցավում եմ, որ այդպիսի մտավախություններ ունեք։ Մենք օր առաջ ուզում ենք մեր քաղաքացիներին առողջ և իրենց ընտանիքներում տեսնել։ Այո, քաղաքացիներ կան, որ 40 և նույնիսկ ավելի օր են մնում թե՛ հյուրանոցներում, և թե՛ հյուրանոցներում։ Դա լինում է այն դեպքում, երբ քաղաքացիները հիվանդությունը ծանր են տանում, կամ նրանց օրգանիզմում դեռևս հայտնաբերվում է վիրուս։ Քաղաքացիներին հիվանդանոցներում և հյուրանոցներում պահում ենք զուտ առողջապահական տեսանկյունից ելնելով և հաշվի առնելով քաղաքացու մոտ սիմպտոմների առկայությունն ու նրա վիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Թոքաբորբ ունեցող անձանց թիվն աճում է. Թորոսյան
- Մինչև մայիսի վերջ կունենանք 10 հազար վարակված. Թորոսյան