Գործատուների կողմից չարաշահումների մասին բողոքներ ենք ունեցել. Բաթոյան
«Մենք ունենք ընթացիկ ծրագրեր, որոնք առնչվում են մարդկանց զբաղվածության ոլորտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով, այժմ քայլեր են արվում գործատուներին խրախուսելու՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։
«Մենք նպատակ ունենք ծրագրեր մշակելու, որտեղ առաջնահերթություն կտրվի գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց աջակցություն տրամադրելուն, կվերանայենք նաև գործատուներին տրամադրվող ֆինանսական աջակցության չափերը։ Այնուամենայնիվ, բոլոր աջակցությունները միտված են լինելու աշխատատեղեր ստեղծելուն»,- ասաց Զ. Բաթոյանը։
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր իրագործել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ բոլոր քաղաքացիներին 100 հազար դրամ ֆինանսական աջակցություն տարադրել, Զ. Բաթոյանը պատասխանեց՝ այդ առաջարկը չի կարող իրականություն դառնալ, քանի որ ունեն իրենց ծրագրերն ու առաջարկները, և բյուջեում հնարավորություններ կան, հարցը դա չէ, այլ նպատակահարմարությունը.
«Այդ առաջարկը նպատակահարմար չէ, քանի որ մենք գերադասում ենք զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր իրականացնել»։
Դիտարկմանը, որ աշխատողների կողմից ահազանգեր են հնչում, թե գործատուները ստիպում են, որ տրամադրված աջակցության գումարները իրենց հաշվին փոխանցեն, Զ. Բաթոյանն արձագանքեց. «Մենք նման ահազանգեր ստացել ենք, և նման գործելաոճը անընդունելի ենք համարում»։
«Եթե չեմ սխալվում, ունեցել ենք դիմումներ, և դրանք ուղղորդել ենք դատախազություն։ ԱԺ-ն ընդունել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների ծրագիրը, որով հնարավորություն ենք տալիս աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին դիմում-բողոքների հիման վրա ուսումնասիրել նաև աշխատանքային իրավունքները։ Այս պահին դա միակ գործիքն է, որը կարող է խոսել աշխատանքային իրավունքների խախտումների մասին»,- եզրափակեց խոսքը Զ. Բաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկն օժանդակում է Հայաստանում սոցիալական աջակցության նորարարական ծրագրին
- Քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր
- Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք. Փաշինյան