Պետական բյուջեի եկամուտները 1.5 տարվա ընթացքում աճել են 43.6%-ով. վարչապետ
«2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը, այն ուղեկցվել է տնտեսական տարբեր ճյուղերի զարգացմամբ և ցանծր գնաճով»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը։
Ըստ Փաշինյանի, ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 %, և այն դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։
Վարչապետն ասաց, որ 2019 թվականին ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, իսկ 2019 թվականի ընթքցքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.7%-ով։
«Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականին աճել է 10.3 %-ով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (29.4%), մրգային գինիների (70.2%), խաղողի գինու (25.3%), բուսական ծագման արտադրանքի (14.3%) ապրանքախմբերում»,- ներկայացրեց Ն. Փաշինյանը։
Նա կարևորեց նաև, որ 26.9%-ով աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 13.3%-ով.
«Այսպիսով, մենք ապահովել ենք մեր ընթացքը՝ ուղղված դեպի արտահանող պետություն դառնալուն»։
Ն. Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 2.2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով։
«2018-19 թթ. ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով, ինչը ավելի քան 1 մլրդ դոլար է և բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43.6 %-ով։ Այսինքն՝ պետական բյուջեի եկամուտները 1.5 տարվա ընթացքում աճել են 43.6 %-ով»,- շեշտեց ՀՀ վարչապետը։
Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ 199.1 մլրդ դրամով նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները, և լուծվել է գերվճարների հարցը։ Իսկ մնացյալ 306 մլրդ դրամը ավելացվել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար։