Արցախի հարցում իմ դիրքորոշումը մնում է նույնը. Փաշինյան
«Ս. Լավրովի և Զ. Հասանովի վերջին հայտարարություններից հետո կցանկանայի լսել Ձեր կարծիքը Արցախի հարցի վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ ՀՀ ոչ մի ղեկավար Արցախի հարցի վերաբերյալ այնքան դիրքորոշում չի հայտնել , որքան ինքը։
«ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի առնչությամբ այդքան հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես։ Եվ իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, որքանով դրանք մեր դիրքորոշումներն են։ Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն։ Եվ պարզ է, որ աշխարհում բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումներից։ Եվ այս կարգավորման ողջ գործընթացը նրա համար է, որ մենք փորձենք պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մենք մոտեցնել մեր դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք ձևավորել մեկ ընդհանուր դիրքորոշում»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
Նրա խոսքով, ինքը բանակցային բանաձևում ևս երկու կոմպոնենտ է մտցրել, որ Արցաախի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար։
«Ավելին, ես ասել եմ, որ չի կարող լինել լուծում, քանի դեռ մենք չենք եկել և ասել ժողովուրդ, կարծում ենք էսպիսի լուծում կա, եկեք դռնփակ նիստ անենք և այդ լուծումն առաջարկենք և չլսենք կարծիքներ՝ պետք է գնալ այդ լուծմանը, թե չէ։ Եվ մենք էսպիսի առաջարկով կգանք միայն այն պարագայում, երբ ես, ԱԳ նախարարը կտեսնենք, որ ինչ-որ տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի և ընդունելի լինել։ Քանի դեռ մենք նման առաջարկով չենք եկել, էն մնացածը դիրքորոշումներ են, իսկ ես՝ իմ նախկինում հայտնած դիրքորոշումներից ոչ մի բան՝ նույնիսկ մի ստորակետ պակասեցնելու և նույնիսկ մի ստորակետ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-եզրափակեց խոսքը Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան