Կորոնավիրուսից մահացել է երաժիշտ Պերճ Թյուրաբյանի ու Անահիտ Դաշտենցի դուստրը
Ապրիլի 30-ին Նյու Յորքում կյանքից հեռացել է երաժիշտ Պերճ Թյուրաբյանի և Անահիտ Դաշտենցի դուստրը՝ Արուսյակ Թյուրաբյանը։ Nouvell d’Armenie-ի տեղեկություններով, Արուսյակը մահացել է կորոնավիրուսից։
Մահվան բոթը հայտնել է նաև Պերճ Թյուրաբյանը ֆեյսբուքյան էջում։
«Թյուրաբյան և Սկուդերի ընտանիքները խորունկ կսկիծով հայտնում են Արուսյակ Թյուրաբյանի մահվան բոթը, որը մեզ ցնցեց 2020 թվականի ապրիլի 30-ին:
Արուսյակը սիրառատ և քնքուշ դուստր էր, մայր, կին, քույր, ընկեր...
Նա սեր ու անդորր էր ճառագում շուրջը՝ իր լույսով ու ջերմությամբ առատորեն ողողելով իրեն շրջապատող մարդկանց: Իր և ուրիշների համար նա կյանքը գեղեցիկ էր դարձնում՝ մարմնավորելով բարություն ու կարեկցանք, լինելով առեղծվածային բնության մի մասնիկը:
Մենք այսօր սգում ենք մեր սիրելի Արուսյակի կորուստը՝ հորդառատ մխիթարություն գտնելով մեզ սգակից ընտանիքիների ու ընկերների սիրո և համակրանքի արտահայտություններում: Արուսյակի լույսը, որ ողողել է մեր մտերիմների հոգին, ամոքում է մեզ ու սփոփում:
Հաշվի առնելով ներկայիս հասարակական հավաքների սահմանափակումը, Արուսյակի հոգեհանգստյան ու թաղման արարողությունները տեղի կունենան մտերմիկ ընտանեկան պայմաններում և այնպես ինչպես ինքն է հոգու խորքում փափագել:
Թե կարողանաք
Ձեր սրտում ինձ ներել
Խնդրում եմ ինձ փոխակերպեք ծառի
Կամ եթե ոչ
Շաղ տվեք ինձ
Սևանա լճի բյուրեղյա փայլքին
Որ արթնանամ իմ հայրենի երկրում
Իսկ թե ինձ առմիշտ քամահրեք
Համաձայն եմ թաղվել հողի տակ
Որ որդերն ու տարիները
Մարմինս կրծոտեն առհավետ
Արուսյակ Թյուրաբյան, 2020»,-գրել է Պերճ Թյուրաբյանը։
Նշենք, որ Անահիտ Դաշտենցը հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի դուստրն է։
Բանասեր, թարգմանիչ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանը, որը բազում երգերի հեղինակ է ու նաև հայերեն է թարգմանել Շառլ Ազնավուրի երգերը, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հաստատումից հետո ամեն օր՝ 36 օր շարունակ ֆեյսբուքում իր հետևորդների օրը լցնում էր ջերմությամբ ու գեղեցիկ երաժշտությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները