Նախորդ 1.5 տարվա ընթացքում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային սեղանին արդյո՞ք առկա է փուլային փոխզիջումների ձևաչափի փաստաթուղթ, թե՞ ոչ, և բանակցվե՞լ է, թե՞՝ ոչ»,- Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ այս թեմային առնչվող իր ցանկացած հայտարարություն կարդալով, կերևա, որ ինքն իր դիրքորոշումը չի փոխել՝ անկախ երկրագնդի վրա եղած մյուս դիրքորոշումներից։
«Ինձ համար դժվար չէ այդ պատասխանները կրկնել, ես բազմիցս եմ դրան անդրադարձել։ Կարծում եմ, որ բանը մի անգամ են հարցնում, իսկ այս հարցն ունի նույն պատասխանը։ Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»,- ասաց Ն. Փաշինյանը։
Տ. Ուրիխանյանն էլ արձագանքեց՝ ամեն ինչ հրաշալի է . «Հիմա հարց՝ բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞՝ ոչ։ Ասեք, որ բոլորը հանգստանան, էլի»։
Ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ եթե իր «ոչ»-ը պետք է հանգստացնի, ապա ինքը նախորդ 1.5 տարվա ընթացքում բազմիցս հանգստացրել է անհանգստացողներին։
«Բայց հիմա եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի։ Ես չեմ կարող 24 ժամ բոլորին հանգստացնել։ Ես ասում եմ՝ 100 անգամ հանգստացրել եմ»,- եզրափակեց խոսքը Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան