Թոքաբորբ ունեցող անձանց թիվն աճում է. Թորոսյան
«Վերջին տվյալներով՝ արհեստական շնչառական սարքեր են միացված 8 պացիենտների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, այս պահին պացիենտներից 80-ի վիճակը ծանր է, 30 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ըստ նախարարի, թոքաբորբ ունեցող անձանց թիվը ևս աճում է, և դա բնական է, քանի որ հիվանդների բացարձակ թիվն աճում է, հետևաբար ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվն էլ է աճում։
«Տեսնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երբ այլ երկրներում պահվող նմուշները ստուգվում են՝ հասկանալու, թե իրականում երբ է իրենց մոտ գրանցվել վարակի առաջին դեպքը, ես ինքս էլ հանձնարարել եմ, որ մեր մոտ եղած նմուշները՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների, հետազոտեն։ Եթե հայտնաբերվեց, ապա ես էլ կհայտարարեմ, որ մեզ մոտ վարակի մուտքն ավելի վաղ է եղել, բայց դրա հավանականությունը շատ փոքր է, քանի որ մենք առնվազն փետրվարի սկզբից սկսել ենք հետազոտել կասկածելի դեպքերը»,- հայտնեց Ա. Թորոսյանը։
Հարցին, թե մարդկանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացումը ի՞նչ հետևանք կարող է ունենալ, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ դա հնարավոր է բերի թվերի աճի, բայց հնարավոր չէ մշտապես փակված վիճակում ապրել.
«Մենք պետք է սովորենք ապրել, իսկ այդ սովորելու գործընթացը որքան արագ և անցավ կանցնի, կախված է բոլորիցս։ Քանի որ եթե ցավոտ սովորենք, այսինքն՝ եթե լինեն շատ մահեր, դա դժբախտություն կլինի բոլորիս համար, բայց այլընտրանք չունենք, մենք պետք է սովորենք ապրել նոր կանոններով՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, ձեռքերն ախտահանել»։
Հարցին՝ հնարավո՞ր է իմունիտետ ձևավորվի մարդկանց մոտ, Ա. Թորոսյանն ասաց՝ չգիտեմ, դա հնարավոր է ասել 3 տարուց, երբ առաջին վարակակրի մոտ իմունիտետը որոշվի։
«Իմունիտետ որոշելու թեստեր մենք շուտով կունենանք, ՌԴ-ն մեզ կհատկացնի»,- ասաց Ա. Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա