Համաշխարհային բանկն օժանդակում է Հայաստանում սոցիալական աջակցության նորարարական ծրագրին
Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրել են «Հայաստանում սոցիալական ինտեգրման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձևաչափով։
ՀԲ երևանյան գրասենյակից հայտնում են, որ ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ. այն իրականացվելու է Հայաստանի սոցիալական աշխատողներին ներկայացնող՝ հասարակական, շահույթ չհետապնդող ազգային մասնագիտական մարմնի կողմից։
Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում։
Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչև 5 տարեկան երեխա և աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։
Ըստ աղբյուր, ծրագիրը, մասնավորապես, աջակցելու է՝
• սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանը, որով կատարվում է շահառուների կարիքների գնահատում և ուղղորդում տարբեր ծառայություններ, այդ թվում՝ բուժօգնության տրամադրում, արտակարգ իրավիճակներում աջակցություն, երեխաների համար կրթական հաստատությունների հասանելիություն, մասնագիտական ու սոցիալական հմտությունների ուսուցում, հոգեթերապիայի և սոցիալական վերականգնման ծառայություններ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն։ Այս նորարարությամբ գործի է դրվում անհատական դեպքի վարման մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատել ամենախոցելի և մարգինալացված բնակչության հետ՝ հասնելով մոտ 6000 ընտանեկան նպաստ ստացողների,
• մոտավորապես 300 շահառուների ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը գործարարություն թեմայով ուսուցման և դրամաշնորհների տրամադրման միջոցով, որոնք նրանց կօգնեն դուրս գալ Ընտանիքների անապոհության գնահատման համակարգից։ Հիմնականում աջակցություն կստանան գյուղատնտեսության, (պարենային/ոչ պարենային ապրանքների) արտադրության/վերամշակման, հյուրատնային և հանրային սննդի, արվեստի և մշակույթի, ժամանցային ու առևտրի ոլորտում տնտեսական գործունեության տեսակները։
Բացի այդ, այս բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ընտանեկան նպաստի ծրագրի շահառուներին՝ ինքնազբաղվածության գործող ծրագրերում տեղավորմանը, ինչպես նաև կտրամադրվի վերապատրաստում, գիտելիք և տեղեկատվություն և խորհրդատվություն ինքնազբաղվածության հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչը կօգնի հասարակության մոտ 5000 խոցելի անդամների։