Նաիրի Սարգսյան. «Գալաքսի» ընկերության շուրջ իրադարձությունների արձագանքներն ուղիղ ազդեցություն են թողնում ներդրումների վրա
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը մանրամասն տեղյակ չէ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող գործընթացներին։
Panorama.am-ի հետ զրույցում Ն. Սարգսյանն ասաց՝ չի կարող ասել, արդյոք այս դեպքով ռեպրեսիաներ կիրառվո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն արձագանքներն արդեն ուղիղ ազդեցություն են թողնում ներդրումների և արտասահմանյան ներդրողների որոշում կայացնելու վրա։
«Ներդրողի համար պետք է կայուն տնտեսական միջավայր լինի, եթե կայուն չէ և նույնիսկ եթե լուրերը կեղծ են տարածվում, բայց համատարած են, միանշանակ ներդրումների վրա դրանք ազդեցություն թողնում են։ Արդարացվա՞ծ են ռեպրեսիաների հետ կապված այդ լուրերը և բողոքները, կոնկրետ «Գալաքսի» ընկերության մասով չեմ կարող ասել։ Ընդհանրապես բիզնեսի վրա չեմ կարող ասել ռեպրեսիաներ կիրառվում են և չեմ էլ կարող ասել, որ բիզնեսի հետ պետությունը տանում է գործընկերային հարաբերություններ։ Այսինքն` այս պահին միջակ վիճակում է գտնվում»,-նշեց է Աուդիտորների պալատի նախագահը։
Նրա խոսքով, եթե չլինի հիմնավորված թափանցիկ հարկային վարչարարություն, որ ներդրողը կարողանա տնտեսական արդյունավետ որոշումներ կայացնել, ուղղակի ներդրումներ չեն լինի։
Պալատի նախագահի գնահատմամբ, այս պահին թափանցիկությունն ու արդյունավետությունն իսպառ բացակայում են, և Հայաստանում շատ դժվար է ներդրումների իրականացման համար որոշումների կայացումը։
Նա պնդում է, որ Հայաստանը պետք է վարի թափանցիկ քաղաքականություն և հարկային վարչարարություն։
«Թափանցիկությունն այն աստիճանի է պետք հասցնել, որ եթե նույնիսկ առկա է կարծիք, որ բիզնեսի նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառվում, ներդրողը, երկու կողմին լսելով, կարողանա որոշում կայացնել՝ արդյոք ճշմարի՞տ են այդ լուրերը, թե՞ ոչ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը, հակառակ դեպքում սպառնում են քրեական հետապնդումներ իրականացնել։
Այդ հայտարարությունից օրեր անց նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց, դատարանն այն բավարարեց, ապա հետախուզում հայտարարվեց։
Նշենք նաև, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան, որը պաշտոնապես հիմնադրվել է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ և որի գործունեությանը մասնակցում են երկրի առաջադեմ տնտեսվարողները, հայտարարություն էր տարածել «Գալաքսի» ընկերությունների խմբի և դրա հիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ մատնանշելով հնարավոր վտանգների, բացասական հետևանքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. փաստաբան
- Դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
- Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է.ես այդ օրակարգում անելիք չունեմ. Գուրգեն Խաչատրյան
- Եվրոպական բիզնես ասոցացիան հայտնել է իր անհանգստությունը «Գալաքսի» ընկերությունների խմբի և Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետապնդման մասով
- Փաստաբաններ. Դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն
- «Փաստինֆո». Ռուբեն Վարդազարյանին կանչել են Կառավարություն. եղել են ցուցումներ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու
- Գուրգեն Խաչատրյան. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը»
- Գուրգեն Խաչատրյանը պարզաբանել է Ucom-ի շուրջ իրադարձությունների հանգուցալուծումը