Հանքարդյունաբերողների իրական սեփականատերերի հայտարարագրման համակարգում թերություններ կան.Բադասյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում բարձրացրեց հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր, որոնք կապված են իրական սեփականատերերի հայտարարագրման հետ:
«Նախորդ տարի ամենամեծ սեփականատերը օտարերկրյա ներդրումով ընկերություն էր, այս տարի չենք տեսնում այդ սեփականատիրոջը: Սա ի՞նչ է նշանակում, կորցրել ենք օտարերկրյա կապիտալով ընկերությանը և նա դո՞ւրս է եկել Հայաստանից»,- հետաքրքրվեց պատգամավորը, միաժամանակ հավելելով, որ 62 տոկոսից ավելի սեփականատերերի իրական պատկերը չի երևում:
Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և նշեց.
«Հիմա հանքարդյունաբերողների իրական սեփականատերերի մասով արդարադատության նախարարությունն է պատասխանատու և մենք մի շարք թերություններ ենք նկատել գործող հայտարարագրման համակարգում, որը պատրաստվում ենք ուղղել: Կարծում եմ շուտով կլինի օրենքի համապատասխան նախագիծը, որը ոչ միայն հանքարդյունաբերողներին է վերաբերում:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա կոնկրետ ընկերության մասով չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա պարզաբանում տալ: Բայց պետք է հաշվի առնենք, որ բաժնետոմսերը ոչ ռեզիդենտից անցել է ռեզիդենտի, պետք է հաշվի առնենք, որ դրանք իրականում կարող է մեկ իրական սեփականատեր ունենալ: Բացի այդ, ցանկացած ընկերություն հետգնման բաժնետոմսերի հնարավորություն ունի, դա կարող է վկայել ռիսկերի մասին, կարող է և չվկայել»:
Անդրադառնալով հայտարարագրով սահմանված 10 տոկոս շեմին, Բադասյանը նշեց, որ եթե մի քանի միմյանց հետ փոխկապակցված անձինք իրար հետ գերազանցում են տասը տոկոսը, իրենք միևնույն է պետք է երևան և այլն:
Ըստ նախարարի, այս մասով ևս հարկավոր է փոփոխություններ կատարել:
«Կարծում եմ պետք է այնպես անենք, որ իրական սեփականատերերի հայտարարագրում չերևան օրինակ տնօրենների խորհրդի անդամները, կամ տնօրենները, քանի որ այդպես իրական սեփականատերը կորում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը: