Սիլվա Ադամյան. Կարծում եմ, որ Էրիկ Գրիգորյանի հրաժարականն ինչ-որ չափով կապված է նաև Ամուլսարի հետ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականն ուրախացրել է բնապահպաններին, այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին։
«Թռչունների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հասարակական սեկտորը հենց սկզբից դեմ էր նրա նշանակմանը՝ իմանալով Գրիգորյանի մոտեցումները Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել «Լիդիան» ընկերության հետ, Էրիկ Գրիգորյանը դրանց ներկա եղել որպես փորձագետ։ Նրա կարծիքն այն էր, որ հանքի շահագործումն անխուսափելի է, անընդհատ խոսում էր նրա մասին, որ շրջակա միջավայրի փորձաքննությունը շատ լավ է արված, նա հույս ուներ, որ հանքը Հայաստանում շատ լավ կշահագործվի»,-ասաց Սիլվա Ադամյանն ու ավելացրեց, որ նրա դիրքորոշմանը տեղյակ են բոլորը, քանի որ նա երբեք չի թաքցրել այն։
Ադամյանը կասկածում է, որ նախարար Գրիգորյանը նույնիսկ համագործակցել է հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների հետ։
Բնապահպանը չի կարծում, որ նախարարի պաշտոնից Գրիգորյանի ազատելն իրենց բողոքների ու դժգոհությունների արդյունքում է եղել, կարծում է ներքին տարաձայնություններ կային, չնայած այսօր վարչապետը գոհունակություն է հայտնել արդեն նախկին նախարարի կատարած աշխատանքի վերաբերյալ։
«Ես կարծում եմ, որ նրա հրաժարականն ինչ-որ չափով կապված է նաև Ամուլսարի հետ»,-կարծիք հայտնեց Ադամյանը՝ միաժամանակ անժխտելի համարելով Գրիգորյանի մասնագիտական կրթությունը, կածկածի տակ չդնելով նրա մասնագիտական որակները, գիտելիքը։
Բայց նախարար Գրիգորյանից ՀԿ-ները դժգոհելու այլ պատճառ էլ ունեն։ Հասարակական սեկտորի հետ աշխատանքն ու համագործակցությունը «շատ վատ» է եղել։
«Մենք նախկին կառավարությանը գիտեք, թե որքան ենք քննադատել։ Բայց վերջիվերջո հասարակության ձայնը լսելի էր դառնում ինչ-որ չափով։ Բայց հիմա, կարծում եմ, որ մյուս ոլորտներում էլ է այդպես, հանրության հետ աշխատանք գոյություն չունի»,-ասաց ՀԿ նախագահը։
Նա կարծում է, որ շրջակա միջավայրի նոր նախարարը պետք է նվազագույնը լինի բնության նվիրյալ, ունենա մասնագիտական կրթություն։
«Աստված չանի, որ անգետ մեկը գա։ Պետք է ունենա մասնագիտական կրթություն ու լինի բնության նվիրյալ։ Ցավոք, Հայաստանում նման նախարար չի եղել։ Բոլոր կառավարություններն ու նախարարներն ավելի շատ պաշտպանել են բիզնեսի շահերը։ Ես այս ոլորտում եմ արդեն 20 տարի, բոլոր նախարարներն առաջնային են որակում բիզնեսը»,-նշեց նա։
Ադամյանը խոստովանեց՝ հեղափոխությունից հետո իրենք էլ ակնկալում էին, որ կշեռքի նժարին ավելի ծանր կկշռեն շրջակա միջավայրի խնդիրները։
«Բայց երբ վարչապետը Ջերմուկից մարդկանց համոզում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա զրո է լինելու, արդեն բոլորիս համար պարզ ու ակնհայտ էր, որ Ջերմուկի խնդիրը չի լուծվի ի նպաստ ջերմուկցիների։ Այսինքն, կլուծվի, բայց դա կանի ոչ թե կառավարությունը, այլ հանրությունը, Ամուլսարի պաշտպանները»,-ասաց բնապահպանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Էրիկ Գրիգորյանը անգործ չի մնա. բարձր աշխատավարձով առաջարկ է ստացել
- Էրիկ Գրիգորյանի ազատման լուրը հաստատվեց
- «Ամնեսթի ինթերնեյշնլ». Կառավարությունը կանաչ լույս վառեց «Ամուլսարի» ծրագրի համար, ապա վերանայեց որոշումը
- ...Իսկ Փաշինյանը քարոզարշավ է անում Ջերմուկում
- Գեղամ Օհանյան. Կանցնեն տարիներ, հետո կհիշենք բոլորով՝ Նիկոլի օրոք կար մի խնդիր Ամուլսար անունով
- Փաշինյանը՝ Ամուլսարի պահապաններին. Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է
- Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան