Տեղյա՞կ եք, որ 3 երեխա ունեցողները ստանում են 2-ի համար նախատեսված գումար. Գրիգորյան
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի թոշակառուներն իրենց կենսաթոշակը չեն ստացել»,- Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։
Ըստ պատգամավորի, թիվ 81 փոստը՝ առանց հիմնավոր պատճառի գումարը չի բաշխում, ինչի հետևանքով թոշակառուները դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ իրենք որոշ դեղամիջոցներ իրենց գումարով են գնում.
«Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրը լուծելու համար»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Զ. Բաթոյանն ասաց, որ խնդրի մասին նոր է տեղեկացել։
«Կենսաթոշակների տրամադրումը սկսվել է երեկվանից, և բոլոր թոշակառուներին ինչպես նախորդ ամիս, այս ամիս ևս «ՀայՓոստ»-ը պետք է նպաստներն ու կենսաթոշակները տեղում վճարի՝ թոշակառուների բնակության վայրում։ Թոշակների տրամադրումը տևելու է մինչև մայիսի 10-ը»,- ասաց Զ. Բաթոյանը։
Ս. Գրիգորյանն էլ արձագանքեց՝ հնչեցնելով երկրորդ հարցը. «Աջակցության ծրագրերից մեկի հետ կապված շատ բնակիչներ դժգոհում են, որ օրինակ, ունեն երեք երեխա, ստանում են 2 երեխայի համար նախատեսված գումար, կամ ունեն 2 երեխա՝ 1-ի համար են գումար ստանում։ Այս խնդրին տեղյա՞կ եք արդյոք, և ի՞նչ լուծում եք նախատեսում»։
Ի պատասխան Զ. Բաթոյանն ասաց, որ տեղյակ է խնդրին։
«Ամբողջ խնդիրն այն է, մենք տվյալներն հավաքագրում ենք հընթացս, և ՔԿԱԳ-ից ստացված տեղեկատվության հիման վրա ենք աջակցություն իրականացնում։ Մենք թվայնացված տվյալներ ունենք միայն 2014-ից հետո, թեև վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ աշխատանք է իրականացվել, և ցավոք, դեռ կան անհամապատասխանություններ»,- եզրափակեց խոսքը Զ. Բաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գործատուների կողմից չարաշահումների մասին բողոքներ ենք ունեցել. Բաթոյան
- Սոցիալական աջակցություն. Թանդիլյանը կոչ է անում արագ լուծել բազաների խնդիրը
- Քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր