Իմ որոշմամբ են բարձրացել պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձերը. Փաշինյան
«2019 թվականի վերջին վիճակագրական թվերի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23.5 տոկոսային կետի»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը։
Ըստ վարչապետի, ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1.4-ից մինչև 1 տոկոս։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նպատակ արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը՝ մինչև 2023 թվականը։ Եվ եթե մեզ հաջողվի այս տեմպով առաջ շարժվել, ապա դա մենք կկարողանանք անել։ Նաև, ըստ էության, պետք է արձանագրել, որ համենայն դեպս, նախաճգնաժամային ընթացքում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր պատմական մակարդակը ՀՀ-ում»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
Վերջինիս խոսքով, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձրացել է 5.8 տոկոսով, 2019 թվականի հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների վարձրատրությունը բարձրացել է մինչև 30 տոկոսով՝ կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացել է նաև հանրակրթաքկան դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բուհերի 2600 դասախոսների, ինչպես նաև 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը։
«2020 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրացել է՝ 55 հազար դրամից հասնելով 68 հազար դրամի։ Կառավարությունը 2019 թվականի հունվարի մեկից բարձրացրել է 64, 084 նպաստառուների նպաստներն ու 3307 զինվորական կենսաթոշակառուների թոշակները։ Նույն ժամանակահատվածում բարձրացվել է նաև 21,785 աշխատանքային և 7583 երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ ստացողների թոշակները, ինչի համար նվազագույն շեմ է սահմանվել 25.500 դրամը։ 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակները միջինը 10 տոկոսով բարձրացել են»,- ներկայացրեց նա։
Ն. Փաշինյանի խոսքով, 2018 թվականի մայիսից մինչ օրս, ավելի քան 1 մլն 100 հազար մարդու կա՛մ աշխատավարձը, կա՛մ նպաստը, կա՛մ թոշակը բարձրացել է։
«Ես էլի ուզում եմ անդրադառնալ պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։ Այո, իմ որոշմամբ է դա տեղի ունեցել, և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել։ Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերը բարձրացնելով, քանի որ գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։
Եվ այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակում պարգևավճարները կտրանսֆորմացնենք դեպի աշխատավարձի համակարգ։ Ուզում եմ ասել, որ մենք պլանավորում ենք պետական կառավարման համակարգում՝ հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, քանի որ համոզված ենք, որ դա է ճանապարհը արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել». Նիկոլ Փաշինյան
- Պետական բյուջեի եկամուտները 1.5 տարվա ընթացքում աճել են 43.6%-ով. վարչապետ