Մալյանին շնորհավորելու համար ոստիկանությունից հեռացված սպան հիշեցնում է՝ ծառայելն ու ծառա լինելը նույն բանը չեն
Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր, որ ոստիկանության աշխատակից, սպա Ալբերտ Ունուսյանին աշխատանքից ազատել են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ծննդյան տարեդարձը սոցցանցում շնորհավորելու համար։
Ոստիկանության ղեկավարության նման որոշումը քննադատել են բազմաթիվ քաղաքացիներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ՝ ընդգծելով, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, քաղաքական խտրականության ակնհայտ դրսևորումները ՀՀ աշխատանքային իրավունքում դարձել են սովորական երևույթ։ Բազմաթիվ մարդիկ նրան աջակցություն են հայտնել։
Ոստիկանությունից աշխատանքից հեռացնելու պատճառի մասին հաստատել է նաև Ունուսյանի կինը. «Ու լիքը մարդ, որ հիմա ասում է՝ դե ախր չշնորհավորեր էլի՜... Լավ է արել, ճիշտ է արել, 1000, 1000000 անգամ ճիշտ է արել, իր ընկերոջը, իր ընտանիքի անդամին՝ կնքահորն է շնորհավորել»։
Տարածված լուրերը չի հերքել նաև Ալբերտ Ունուսյանը։ Նա գրել է.
«Ընկերներ, մտերիմներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մտահոգ մարդիկ, անչափ շնորհակալ եմ ու զգացված բոլոր զանգերի, բոլոր նամակների, բոլոր գրառումների եւ մեկնաբանությունների համար: Շնորհակալ եմ, որ դուք կաք ու գոյություն ունեք:
Ամեն բան կարգին է: Ըստ երևույթին` ամեն բան այսպես էլ պետք է լիներ, քանի որ Գեներալիցս` Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջև, չի՛ ենթադրում վաճառել սեփական անձն ու արժանապատվությունը պաշտոնի կամ փողի դիմաց: Եվ իմ առաջնեկն ու իմ զավակները ստանալու են նույն դաստիարակությունը: Ասեմ ավելին` իմ տանն այլ կերպ մտածող մարդը տեղ չունի: Երբեք չեմ քծնել, երբեք չեմ խնդրել ու երբեք չեմ «մուրացել» կոչում, պաշտոն կամ հարգանք: Ինչ կամ` «էտ» եմ, ինչպիսինը կամ` «էտ» ա... Ու իմ զավակները պետք է այդպես մտածեն` Աստված, Հայրենիք, Ընտանիք:
Շնորհակալ եմ իմ բոլոր ծառայակից ընկերներին: Տղե՛րք, պինդ եղեք: Ամեն բան լավ է լինելու:
Շնորհակալ եմ ամեն վայրկյան ծառայության, վստահության ու հարգանքի համար: Եղեք ձեր տեղերում, տարեք ձեր դժվարին ու շատ անգամ անշնորհակալ ծառայությունը` ծառայեք Հայրենիքին: Որքան էլ դժվար լինի, որքան էլ առավոտյան արթնանաք ու ինքներդ ձեզ ասեք. «Վե՛րջ, հենց այսօր գրում եմ ու դուրս գամ», հիշե՛ք գլխավորը. «Ո՞վ, եթե ոչ ես»: Իմ, Ձեր ու մեր բոլորիս տան պաշտպանը Դու` Մենք ենք... Տղե՛րք, պինդ եղեք, ձեր ուսադիրների ծանրությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահեք, միշտ հիշեք. «Ծառայելով օրենքին` ծառայել ժողովորդին», մնացած ամենը «հեքիաթ» է ու սուտ: Ամեն բան լավ է լինելու:
Ես էլ ետ եմ գալու ու շարունակեմ Հորիցս ինձ ժառանգված ծառայությունը` ծառայել Հայրենիքին: Ու վայ նրան, ով կմտածի թե «ծառայել» նույն բանն է, ինչ «ծառա» լինել:
Բոլոր- բոլորին շնորհակալ եմ... Ծառայել եմ, ծառայում եմ ու ՄԻՇՏ ծառայելու եմ Հայրենիքիս: Աստված բոլորին պահապան:
Պատիվ ունեմ»։
Ոստիկանությունից Panorama.am-ի հետ զրույցում Ունուսյանի ազատման պատճառի մասին ոչինչ չասացին՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տարածված տեղեկությունները։
«Նշված ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրանցվել է կադրերի ռեզերվում։ Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ տեղի են ունենում։ Աշխատանքային արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությունում մշտապես կադրային տեղաշարժ է տեղի ունենում»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին