Ահազանգ. Կավարտի լքված հանքից Ողջի գետ է լցվում ծանր մետաղներով լի հեղուկ
Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակիչներից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է Ողջ գետով հոսող դեղնավուն հեղուկը։
«Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»,-նշել է Վ. Դիլանյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը:
«Մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Այսինքն` հանքը կփակվի և այդ տարածքը լիարժեք կվերադառնա բնությանը»,- ասել էր Փաշինյանը:
Մինչև 1950-ական թթ. Կավարտի հանքը շահագործվել է որպես փակ հանք, իսկ մինչև 1985թ. շահագործվել որպես բաց հանք: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել այն:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը դեռ տարիներ առաջ ահազանգել էր, որ Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան