Բայց էլի սիրուն չի, Հայկ ջան
Երևանում երեկ մի քանի ժամ տեղացած անձրևը ջրածածկ էր դարձել մայրաքաղաքի որոշ փողոցներ։ Սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է՝ մեքենաները կիսով չափ ու ավելի ջրածածկ են։ Չնայած ԱԻՆ-ը հայտարարել էր, որ տեղումներ են սպասվում Երևանում, սակայն, ինչպես միշտ, մայրաքաղաքն էլի անպատրաստ էր։
Օգտատերերը գրել են. «Հնարավոր չէր շենքի մուտքից դուրս գալ, պարզապես պետք է անցնեիր առվի միջով...ջրատարները չեն քաշում ջուրը, չեն հեռացնում... », «Համարյա բոլոր թաղամասերում էլ նույն վիճակն է, այդպես էլ ճանապարհների ջրահեռացումը չկարգավորվեց, Երևանի համար աղետ կլինի, եթե անձրևները այս առատությամբ, առանց դադարի մի հինգ օր գան»։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում վերջին տասնամյակում բուռն շինարարությունը, քաղաքում ավելի շատ բետոնեպատ հատվածները, իհարկե, իր բացասական ազդեցությունն է ունեցել անձրևների ժամանակ անձրևաջրի հեռացման վրա։
Նա նշեց, որ Երևանի հեղեղատար համակարգի պահպանումը, շահագործումը, մաքրման աշխատանքներն անխափան պահելու պարտավորությունը պայմանագրով հանձնված է «Վեոլիա ջուր» ընկերությանը, քաղաքապետարանն այստեղ անգամ պայմանագրի կողմ չէ, պայմանագրով որևէ գործառույթ վերապահված չէ Երևանի քաղաքապետարանին։ Պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն:
«Երևանի քաղաքապետարանն, այդուհանդերձ, քանի որ սա քաղաքում գտնվող գույք է և քաղաքային ենթակառուցվածք է, խնդրին հետևում է, քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է այստեղ, կոմունալ վարչության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկություններ են ներկայացնում օպերատոր ընկերությանն այս կամ այն հատվածում հեղեղտար, անձրևատար համակարգերի աղտոտվածության կամ նորերը կառուցելու վերաբերյալ։ Այդ առաջարկությունները հիմնականում ընդունվում են»,- ասաց նա։
Հակոբ Կարապետյանի խոսքով, երեկ երեկոյան կոմունալ ծառայության աշխատակիցները ռիսկային հատվածներում, որտեղ հեղեղի որոշակի հավանականություն կար, աշխատել են։ Օրինակ, Բաղրամյան 26-ի գարաժների հատվածում նաև իրենց աշխատակիցների մասնակցությամբ անձրևատար համակարգը մաքրվել է և խցանումը բացվել է։
Panorama.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը նախ ասաց, որ իրենք շահագործում են այն, ինչ կա։
«Մենք պատասխանատու ենք շահագործման համար, բայց ոչ զարգացման, ոչ կառուցման։ Մենք մաքրում ենք, պետք է ցանցը զարգացնել, որն արդեն անում ենք քաղաքապետարանի հետ, քանի որ քաղաքային ենթակառուցվածք է։ Արդեն տարբեր վայրերում ցանց կա, քիչ տեղեր են մնացել»,- նշեց նա։
Մ.Սարգսյանն ասաց, որ իրենք գիտեն այն վայրերը, որտեղ են կուտակվում անձրևաջրերը, մշտապես հերթապահում են այդ վայրերում, սակայն քաղաքի ռելիեֆի վրա չեն կարող ազդել, տեղեր կան փոսեր են, տեղեր կան, որտեղ ընդհանրապես ցանցեր չկան։
Նրա խոսքով, հնարավոր չէ թափով գնացող անձրևաջրերը հընթացս հեռացնել։
Մուրադ Սարգսյանն ասաց, որ աշխարհում չկա մի խոշոր քաղաք, անգամ հարուստ երկրներում, որտեղ անձրաջրերի կուտակումներ չեն լինում. «Երբ ջրի քանակը թողունակությունից ավելանում է, հընթաց հեռացնել միշտ չէ, որ հաջողվում է»։
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից։
Հարակից հրապարակումներ`
- Կես ժամ անձրևից հետո երևանցիներին նավակ է պետք
- Դեմոյան. Հորդառատ անձրևի պատճառով հանգել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը
- Մաշտոցի պողոտայի թունելում կառուցվել է մոտ երեք տասնյակ անձրևընդունիչ
- Ուժեղ կարկուտ Երևանում
- Երևանի մեծ ջրհեղեղը, որ 200 կյանք էր խլել (լուսանկարներ)
- Կարինե Դանիելյան. Թբիլիսիի ջրհեղեղը հնարավոր է նաև Երևանում (տեսանյութ)
- Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը
- Ամեն անձրևից հետո մայրաքաղաքում առաջացած արհեստական լճերը անհանգստացրել են քաղաքապետին. Նա հանձնարարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին