ՅՈՒՆԻՍԵՖ.երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ
Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր երեխաներ ամբողջ աշխարհում կհայտնվեն անվտանգությանն ու բարեկեցությանը սպառնացող ռիսկի տակ: Խոսքը վատ վերաբերմունքի, գենդերային բռնության, շահագործման, սոցիալական մարգինալացման ու խնամակալներից մեկուսացված լինելու մասին է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կառավարություններին ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ վարակի ստեղծած ահագնացող սոցիալ-տնտեսական հետևանքների լույսի ներքո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության ալյանսը գործընկերների հետ միասին հրապարակել են ուղեցույց՝ արձագանքման գործընթացում ներգրավված պետական կառույցներին ու այլ կազմակերպություններին աջակցելու նպատակով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, ՔՈՎԻԴ-19-ը հեղաշրջել է երեխաների ու ընտանիքների կյանքն ամբողջ աշխարհում: Կարանտինային միջոցառումներն, ինչպես օրինակ՝ դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները, թեև անհրաժեշտ են, սակայն միաժամանակ խաթարել են երեխաների առօրյան ու նրանց տրամադրվող աջակցության համակարգերի աշխատանքը, ավելացրել երեխաներին խնամողների սթրեսը՝ որոշ դեպքերում նրանց ստիպելով հրաժարվել աշխատանքից:
ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած խարանը որոշ երեխաների ավելի խոցելի է դարձրել բռնության ու հոգեբանական տառապանքների տեսանկյունից: Միաժամանակ, իրականացվող վերահսկողական միջոցառումները, որ հաշվի չեն առնում գենդերային կարիքները և կանանց ու աղջիկների խոցելիությունը կարող են ավելացնել սեռական շահագործման, չարաշահումների և անչափահասների ամուսնության հետ կապված ռիսկերը: Վերջերս Չինաստանից ստացված տվյալների համաձայն՝ երկրում աճել է կանանց ու աղջիկների դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը: