Մինչ այսօր որևէ կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Բադասյան
«Նախագիծ ենք ներկայացրել ԱԺ, ըստ որի, եթե տրվում է եզրակացություն, որ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն ունի կալանավորը, ապա դատախազի կողմից նման միջնորդությունը 1 օրում պետք է դատարանն ընդունի կամ մերժի»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։
Պատգամավորը տեղեկացրել էր, որ վերջերս Վանաձորում մի քանի դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել, և ընդհանրապես, քրեակատարողականներում լարվածություն կա՝ դատական նիստերի ձգձգման հետ կապված։
«Նույնիսկ այն դեպքերում, երբ միջգերատեսչական հանձնաժողովը տալիս է եզրակացություն, որ կալանավորի առողջական վիճակը անհամատեղելի է պատիժը՝ որպես կալանք կրելու հետ, դատական նիստերը էլի ձգձգվում են։ Այդ ուղղությամբ ինչ-որ բան արվո՞ւմ է։ Բացի այդ խնդիր կա հանձնուկների հետ կապված, երբ մրգերն ու չոր քաղցրավենիքը հանվում են հանձնուկներից, իսկ քարտ ունեցող կալանավորները կարողանում են հենց դիմացի խանութից միրգ ու քաղցրավենիք գնել»,- ներկայացրեց Ն. Զոհրաբյանը։
Ռ. Բադասյանն ասաց, որ ՔԿՀ-ներում հացադուլների մեծ մասը կապված է օտարերկրյա պետության քաղաքացիների բողոքների հետ, ովքեր ուզում են իրենց երկիր գնալ, կամ էլ կապված է դատական քննությունների ձգձգման, ինչպես նաև կալանավորների՝ պատժի վերաբերյալ սուբյեկտիվ ընկալումների հետ։
«Ինչ վերաբերում է հանձնուկներին, ապա դիմացի խանութն էական տարբերություն ունի, քանի որ այդ խանութը հայտ է լրացնում, ապրանք ստանում, 1 օրվա ընթացքում ախտահանում է այն, նոր վաճառում դատապարտյալին։ Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր։ Երեկվա տվյալներով մենք ունենք 2142 դատապարտված և կալանավորված անձ, և պատկերացրեք, որ նրանց հարազատները գան, հանձնուկներ բերեն, մտնեն ՔԿՀ, շփվեն ծառայողների հետ, վարակն ինչ ինտենսիվությամբ կտարածվի»,- եզրափակեց խոսքը Ռ. Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարածներից մեկն ունի 11 հիվանդություն
- «Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել է հացադուլի. ԲՀԿ