ԱՄՆ աջակցությամբ բացված բիոլաբորատորիաներում են հիմա կատարվում կորոնավիրուսի թեստավորումներ․Ջորջ Քենթ
Կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում մտահոգող խնդիրներից մեկն է Ռուսաստանից և Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիքը։ Այս մասին, ինչպես գրում է Ամերիկայի Ձայնը, ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում։
Մասնավորապես, ապատեղեկատվության լուրջ տարափ է տարածվում Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Այդ բիոլաբորատորիաների նպատակն է օգնել երկրներին հակազդել բիոլոգիական վտանգներին, և դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին։
«Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը և պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա։ Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե պայքարում դրանց դեմ:
Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է, խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք, ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաև, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաև Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»,-ասել է Ջորջ Քենթը:
Անդրադառնալով հետկորոնավիրուսային աշխարհում ԱՄՆ-ի առաջնահերթություններին, Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացնում է՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ դրանք իրենց հիմքում անփոփոխ են մնալու. «Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որևէ ագրեսիայի կամ ազդեցության»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկա-Չինաստան «բիոլաբորատորիական» փոխադարձ մեղադրանքները տեղափոխվում են նախկին ԽՍՀՄ երկրներ
- ՀՀ բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի․ Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան