Կառավարության 17-րդ ծրագրով աջակցություն է նախատեսվում Հայաստան «հրեշտակ» բերողներին
«Մինչև 30 մլն դրամի շրջանակներում 100%-ով կհամաֆինասավորվեն այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք կներգրավեն վենչուրային ընկերություններ, կամ «հրեշտակներ»»,- կառավարության նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը:
Նախարարը գործընկերների համար պարզաբանեց, որ ՏՏ ոլորտում երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ և ներդրող «հրեշտակներ». «Միջազգային պրակտիկայում ընդունված է «հրեշտակ» անվանել այն ձեռներեցներին, որոնք այս կամ այն նորարարական ընկերությունում ցանկանում են ներդրում անել և փայաբաժին ունենալ»:
Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամն ազդել է նաև ՏՏ ոլորտի վրա և նախարարությունը հարցում է իրականացրել 185 ընկերության շրջանակներում:
Ըստ հարցումների, ընկերությունների 54 %-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ 45 %-ի մոտ առաջացել են ազատ մարդկային ռեսուրսներ:
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ հարցմանը մասնակիցների 74 %-ը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ, կամ վերամասնագիտանալ և ապրանքների ստեղծման մեջ ներդրումներ կատարել:
Տասնյոթերորդ միջոցառման շրջանակներում նախարարությունը մշակել է դրամաշնորհային փաթեթներ, որոնց նպատակն է օժանդակել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
100% համաֆինանսավորումից բացի ծրագրում ընդգրկված են ևս երկու փաթեթ:
Մասնավորապես, նախատեսվում է վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսվարողներին հատկացնել 10.0 մլն դրամի նորարարական դրամաշնորհներ: Երրորդ փաթեթով 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունների, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ, կհատկացվի Կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ 20 մլն ՀՀ դրամի չափով: