37 մլրդ դրամ անհետացել է ներդրումային վիճակագրությունից. Մելքումյան
«Առևտուրն ու ծառայություններն աննախադեպ՝ 54 տոկոս աճ են գրանցել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով, գյուղատնտեսության ոլորտի 12 տոկոս աճն էլ բավականին լավ ցուցանիշ է, շինարարության ոլորտում էլ 7.5 տոկոս աճ է եղել, արդյունաբերությունում 19.5 տոկոս աճ կա և զուտ հարկեր՝ 7.5 տոկոս։
«Հիմա սա մեզ բավարարո՞ւմ է, թե՞՝ չէ։ Յուրաքանչյուր ցուցանիշի հետևում պետք է կանգնած լինեն նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր։ Ես կարծում եմ, որ արդեն անընդհատ ասել, թե գյուղատնտեսության այս վիճակը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ, էնքան էլ պատեհ չէ։ Բայց որ գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ում ընդամենը 859 մլրդ դրամ է կազմում, քանի որ ամենաշատ զբաղված ոլորտն է, այդ դեպքում դա շատ քիչ է»,- ասաց Մ. Մելքումյանը։
Ըստ նրա, տարբեր զարգացած երկրներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված է բնակչության 1.5-2 տոկոսը. «Մեզանում 380-400 հազար մարդ աշխատում է այստեղ, և մենք խոսում ենք աշխատանքի արտադրողականության մասին։ Եթե նախորդ տարիներին գոնե այն եղել է ամսական 550-600 դոլար, որը խայտառակ ցածր թիվ է եղել նախկինում, հիմա դա էլ ավելի է իջել՝ հասնելով 350-400 դոլարի։ Հիմա կա՞ն օբյեկտիվ պատճառներ, միգուցե կան, բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ։ Որևէ մեկը չի վիճարկում, որ այս իրականությունը և հետհեղափոխական այս աշխարհը, որտեղ կան հստակ բացթողումներ և սխալներ, տարբերվում է նախորդ աշխարհից, որտեղ արդեն կատարվել են այդ սխալները»։
Մ. Մելքումյանը պնդում է՝ չպետք է թողնել, որ այդ սխալները խորանան, պետք է ռեալ գնահատել իրավիճակը։
«Պարո՛ն վարչապետ, դուք երեկ խոսեցիք 2 մլրդ 300 մլն դոլար օտարերկրյա ներդրումների մասին, սակայն մեր պետական պաշտոնական վիճակագրական տվյալներում այլ թվեր են։ Ուղղակի ներդրումները մեզանում չեն աճել և կազմել են 254.5 մլն դոլար։ 2018 թվականին այդ թիվը կազմել է 254.1 մլն դոլար։ Երկրորդ. պորտֆելային ներդրումները կազմել են 100 մլն դոլար։ Եթե նախորդ տարի ապրիլի 5-ին նայեինք, վիճակագրական պետական կոմիպեն 2018 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ 111 մլրդ դրամ է հրապարակել, և եթե հիմա նայեք, ապա կտեսնեք, որ այդ 111 մլրդը իջել և 747.9 մլրդ դրամ է դարձել։ Ըստ կոմիտեի, խնդիրն այն է,որ դրսի բաժնետերերը հաշվետվությունը տալուց հետո էդ գումարները հետ են կանչել։ Ո՞նց հասկանանք՝ ամբողջ տարին սպասում են, այդ ներդրումը մնում է այստեղ, հենց հաշվետվությունը հրապարակվում է, իրենց ներդրումը տանո՞ւմ են։ Սա լրջագույն խնդիր է, 37 մլրդ դրամ անհետացել է ներդրումային վիճակագրությունից»,- շեշտեց Մ. Մելքումյանը։
Պատգամավորը վստահեցրեց, ներդրողների հետ կատարվող աշխատանքը ՀՀ-ում, մեղմ ասած, անբավարար է։
«Նաև հետաքրքիր է, որ վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աճել է և կազմել 61 տոկոս։ Ընդ որում, 3.8 տրիլիոն բանկային համակարգի կողմից տրվող վարկերն են, մի 300 մլրդ՝ վարկային կազմակերպությունների կողմից տրվող։ Ավանդներն էլ են աճել՝ 3.5 տրիլիոն։ Վերջին 4 տարում էական աճ կա, բայց ո՞ւր են գնում այդ վարկերը։ Դրանց շատ չնչին մասն է գնում ու դառնում հիմնական միջոց։ Այսինքն՝ վարկերը չեն գնում ռեալ սեկտոր, որ դառնան հիմնական բիզնեսի միջոց։ Նշանակում է, որ մենք անելիք ունենք»,- եզրափակեց խոսքը Մ. Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ներդրումների առումով խնդիր ունենք. Թունյան
- Իմ որոշմամբ են բարձրացել պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձերը. Փաշինյան