Ներդրումների առումով խնդիր ունենք. Թունյան
«2019 թվականին ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ, դա տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն էր»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով, շատերն այս տնտեսական աճը համարում են ոչ առողջ, և այն պայմանավորում են մեքենաների առևտրի ծավալի մեծացմամբ, ինչպես նաև բուքմեյքերական ընկերություններով։
«Բայց երբ նայում ենք, թե ամենից շատ որ ոլորտներն են նպաստել այդ աճին, տեսնում ենք՝ առաջին տեղում մշակվող արդյունաբերությունն է, երկրորդ տեղում ՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտը, հետո արդեն՝ առևտուրն ու հանքարդյունաբերությունը։ Այդ բուքմեյքերական ընկերությունների և զվարճանքների կետերի ողջ ոլորտը 7.6 տոկոսի մեջ ընդամենը 0.5-06 տոկոս է կազմել»,- ներկայացրեց Թունյանը։
Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությանն անդրադառնալով՝ պատգամավորն ասաց, որ 2019 թվականին այդ հարաբերակցությունը եղել է 38.7 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ 1 տոկոսային կետով աճել է. «Սա մեծ ցուցանիշ չէ, բայց հնարավորություն է՝ մեծ ցուցանիշ գրանցելու համար։ Ուզում եմ նշել, որ արտահանման մեջ առաջին տեղում եղել է զբոսաշրջությունը, որին հաջորդել են շինարարության և ՏՏ ոլորտները։ Իսկ ներմուծումն անցած տարի աճել է 10.8 տոկոսով»։
Բ. Թունյանը տեղեկացրեց, այնուամենայնիվ, բարեփոխումները դանդաղ ընթացք ունեն։ Օրինակ, եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը եթե ավելի շուտ ստեղծվեր, ապա, ըստ պատգամավորի, այսօր շատ ավելի արագ կիրականացվեին հակաճգնաժամային միջոցառումները և դրանք ավելի հասցեական կլինեին։
«Ներդրումների մասով պետք է ասենք, որ ընդհանուր ներդրումները աճել են, ուղղակի ներդրումները մնացել են նույնը, իսկ պորտֆելային ներդրումները ավելի շատ են աճել, քան մնացածը։ Այս առումով, իհարկե, խնդիր ունենք, և նախորդ տարի մշակված օրենքները, կարծում եմ, որ հետագայում կնպաստեն ներդրումների խթանմանը»,- եզրափակեց խոսքը Բ. Թունյանը։