Վարչապետի հետ քննարկել ենք Արցախի հարցի շուրջ եղած շահարկումները. Մարուքյան
Երեկ ԱԺ-ում ընդմիջման ժամանակ ես սուրճ եմ խմել և զրուցել ԱԳ նախարարի հետ, խոսել ենք Արցախի հարցի շուրջ եղած շահարկումների մասին։ Այսօր էլ վարչապետին էի հրավիրել, էլի նույն թեմայով։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադանալով Նիկոլ Փաշինյանի հետ իր այսօրվա հանդիպմանը։
Ըստ Մարուքյանի, վարչապետն ասել է այն, ինչ հրապարակային հայտարարել է։
«Դրանից դուրս որևէ բան չկա, և ըստ էության, Արցախի հարցն այն հարցն է, որի շուրջ բոլորս համախմբված ենք։ Այսինքն՝ այս մասով տարաձայնության հարց չկա։ Կարծում եմ, ժամանակ առ ժամանակ կարիք կա նման քննարկումների։ ԱԳ նախարարին վերջին անգամ 6 ամիս առաջ էինք հրավիրել։ Կարճ կարող եմ ասել, որ Արցախի հիմնախնդրի մասին այս պահին եղած շահարկումներն ինձ համար փարատված են։ Վարչապետն ասաց այն, ինչ երեկ ամբիոնից հայտարարել էր»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ այս պահին ինքը մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ առ այն, ինչ այսօր ՀՀ-ում քննարկվում է։
Նա տեղեկացրեց, որ բանակցային սեղանին փաստաթուղթ լինել-չլինելու մասին վարչապետի հետ ոչինչ չի խոսել։
«Եթե ինչ-որ որոշում լինի, կգան խորհրդարան, և հրապարակային քննարկումներ կլինեն։ Բայց կարծում եմ, որ դրան շատ-շատ երկար սպասելու ենք, քանի որ այնպիսի որոշման հանգել, որ բոլոր երեք կողմերին էլ բավարարի, և բոլորը համակարծիք լինեն, չգիտեմ՝ ինչքան ժամանակվա խոսակցություն է»,- շեշտեց Է. Մարուքյանը։
Նա ևս մեկ անգամ նշեց, որ վարչապետի հետ քննարկել են Արցախի հարցի շուրջ եղած շահարկումները.
«Ամեն օր ասվում է, որ Արցախը հանձնում են։ Այդ շահարկումներից ենք խոսել։ Ես լուրջ չեմ վերաբերվել այդ շահարկումներին, և հիմա էլ լուրջ չեմ վերաբերվում։ Ես ՀՀ նման իշխանություն չեմ պատկերացնում, որ Արցախը հանձնելու հարց առաջ կբերի»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրճ էինք խմում. վարչապետը՝ իր և Մարուքյանի հանդիպման մասին
- Նախորդ 1.5 տարվա ընթացքում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին. Փաշինյան