ՀՀ-ում աղբավայրեր կան, որոնք պատմամշակութային հուշարձանների վրա են. Սրբուհի Գրիգորյան
«Աղբավայրերի հարցը մեր առջև ծառացած գլոբալ խնդիրներից է»,- խորհրդարանում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ ՀՀ-ում աղբավայրեր կան, որոնք պատմամշակութային հուշարձանների վրա են, օրինակ՝ Աղիտուի աղբավայրը, որի տակ մեծ արժեք ներկայացնող դամբարանադաշտ է.
«Աշխատանքներ տարվո՞ւմ են այդ աղբավայրերը փակելու ուղղությամբ, և եթե այո, ապա ի՞նչ փուլում են դրանք»։
Ըստ Ս. Պապիկյանի, ոչ միայն աղբավայրերը, այլ նաև հանրապետության շատ հատվածներ, որոնք աղբից պետք է զերծ լինեն, շատ դեպքերում լցված են աղբով։
«Սա բազմաթիվ պատճառներ ունի։ Խնդիրը գուցե ոչ միայն կազմակերպչական է, այլ նաև մեր քաղաքացիների ու բոլորիս ավելի բարեխիղճ լինելու հարցն է։ Այնուամենայնիվ, հիմա կառավարությունը մի քանի ծրագրեր քննարկում է։ Հենց այս պահին տնտեսական բլոկում քննարկվում է հարցը, որ աղբահանության ու աղբավայրերի կոնսերվացիայի համար մշակած ունենանք որևէ միջոցառում, որը հնարավորություն կտա մեր գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի միջոցով ատանալ գումար և միաժամանակ մաքրել աղբը, որպեսզի փակվեն աղբավայրերը, նաև աղբից ազատվեն զբոսաշրջային տարածքները, բնակավայրերը և Սևանա լճի ափամերձ շրջանները»,- ներկայացրեց Ս. Պապիկյանը։
Ս. Գրիգորյանն էլ արձագանքելով նոր հարց բարձրացրեց՝ իսկ աղբամշակման հետ կապված ծրագրեր կա՞ն։
Պատասխանելով՝ Ս. Պապիկյանը տեղեկացրեց, որ այս պահին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար աղբավայր է կառուցվում, որը մոտավորապես 20 տարի կարող է կենտրոնացնել 2 մարզերի աղբը.
«Բայց դրան զուգահեռ բանակցություններ են վարվում վերամշակման համար, թեև չունենք վերջնական կոնցեպտը, թե ինչպիսի վերամշակումն է մեզ համար ավելի կիրառելի, որովհետև աշխարհում նախադեպերը շատ են, իսկ Հայաստանում աղբի մշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողները մի մեթոդով են առաջարկում դա անել, որը մեզ համար ընդունելի չէ, որովհետև միջավայրի աղտոտվածության խնդիր կա, և վերջնական որոշման այս պահին չենք հանգել»։