«Երևանում բնակվողը գյուղի իր բարեկամի անունով, նրա հողի վկայականով վերցնում է վարկեր և օգտագործում իր այլ նպատակների համար»
«Մենք մեկ տարի առաջ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասում էինք, որ նրանում ռազմավարական ոլորտների նշանակության մասին գրեթե 0 նշում կա»,-իր ելույթում հայտարարեց Գևորգ Գորգիսյանը կառավարության 2019 թվականի ծրագրի քննարկման ժամանակ:
Պատգամավորը թվարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկինում բարձրացրած հարցերը. «Օրինակ, ավիացիայի զարգացման, կամ ընդհանրապես տեղական ավիաընկերություն ունենալու, կամ երկաթգծի զարգացման, դրա հեռանկարներին վերաբերող հարցերը: Հյուսիս-հարավի մասին մոտավորապես գրված էր, որ պետք է կառուցվի: Ուժային և ոչ միայն ուժային կառույցներում բարեփոխումների հետ կապված դիտարկումները»:
Պատգամավորը հավելեց, որ մեկ տարի առաջ հայտարարում էին, որ չկան չափելի գործիքներ, որի արդյունքները հիմա տեսնում են:
Արդյունքում, ըստ Գորգիսյանի, քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան լրջագույն ձախողումներ:
Անցնելով երկաթգծի խնդրին, պատգամավորը հայտարարեց. «2018 թվականին մեծ օպերացիա կազմակերպեցիք, եթե չեմ սխալվում դուք, պարոն վարչապետ, հայտարարեցիք, որ 61 մլն դոլարի չարաշահումների մասին է խոսքը գնում, կա հարուցված քրեական գործ, բայց մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրված»:
Պատգամավորը նկատեց, որ ողջ 2019 թվականի ընթացքում Հյուսիս- հարավ մայրուղու կառուցումը սառած վիճակում է:
Գևորգ Գորգիսյանը համոզված է, որ պարենային անվտանգության հարցերը չեն լուծվում, քանի որ դրա համար տրվող վարկերն նպատակային չեն, ռեֆորմ չկա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ բանկերը վերահսկողության ռեսուրս և մեխանիզմ չունեն և բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ գումարները վերցնում են այլ վարկեր փակելու համար, կամ բանկ են դնում ավանդի տեսքով՝ տոկոսներ ստանալու համար:
«Երևանում բնակվողը գյուղի իր բարեկամի անունով,նրա հողի վկայականով վերցնում է վարկեր և օգտագործում իր այլ նպատակների համար»,- տեղեկացրեց պարգամավորը և շեշտեց, որ այդ պատճառով շատ բանկեր ուշացնում, կամ չէին ուզում տրամադրել այդ վարկերը:
Իր խոսքի վերջում Գևորգ Գորգիսյանը խորհուրդ տվեց լսել միմյանց, որպեսզի խնդիրը լուծվեն: