Մրցույթների լոտերը խոշորացվեցին մինչև 150 մլն դրամ
Այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու մասին որոշման նախագծում:
Հարցը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան հայտնեց, որ կարգավորումը վերաբերում է պետության և համայնքների համագործակցությամբ իրականացվող կապիտալ ծրագրերին, հատկապես՝ ճանապարհաշինությանը:
«Մրցույթներում ավելի մեծ ընկերություններ ներգրավելու համար այս նախագծով առաջարկվում է լոտերի փոփոխություն՝ մինչև 150 մլն դրամ համախմբված արժեք ունեցող ծրագրերի կոնսոլիդացիա»,- հայտարարեց Վաչե Տերտերյան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ փորձել են գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից. «Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավվի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»։
Նախագծով նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:
Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է գնման գործընթացները կազմակերպել մարզպետարանների կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել:
Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը: