«Իրատես». Փաշինյանի «հեղափոխությունից» ամենաշատը տուժել է իրավապահ համակարգը
«Իրատես» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունից» ամենաշատը տուժել է իրավապահ համակարգը։ Այն համակարգը, որը, ըստ Փաշինյանի, շոկի մեջ է, բայց իրականում ոչ Փաշինյանի մատնանշած անհեթեթ պատճառներով։
Իրավապահ համակարգը կրակն է ընկել քաղաքական իշխանության աբսուրդի հասնող հրահանգների ձեռքը, երբ իրական գործառույթը թողած, վարչապետի քիմքին հարիր քաղաքական անհեթեթ հարցեր լուծելով է զբաղված։ Իբր «բարեփոխում» են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։
Իսկ իրականում այդ բարեփոխումների հետևանքով ուժայինները ոչ թե ավելի կազմակերպված ու արդյունավետ են աշխատելու, այլ դառնալու են ոչ պրոֆեսիոնալ ու քաղաքական իշխանության մահակը՝ անցանկալի մարդկանց դեմ։ Ավելին, համակարգի խնդիրները բարձրաձայնելու համար այս «ամենաարդար» իշխանության օրոք հեռացվեցին պրոֆեսիոնալներ։
Հիշենք, թե ինչպես փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, որը ոստիկանության ուղեղային կենտրոններից մեկն էր, աշխատանքից հեռացրին միայն այն պատճառով, որ համարձակվել էր ոստիկանության ոլորտը հարվածի տակ դնող խնդիրը բարձրաձայնել։ Պատճառաբանեցին, թե քաղաքական հայտարարություն է արել, ինչն անթույլատրելի է, մինչդեռ այսօր հենց Փաշինյանն է ուժային կառույցում օրենքի խախտմամբ կենսագրություն չունեցող մի երիտասարդի նշանակում և դա համարում քաղաքական որոշում։
Իշխանությանը պետք է ուժային կառույցների ոչ թե արդյունավետ, նպատակային աշխատանք, այլ վարչապետի մտքին եկած ամեն մի աբսուրդային մտքի իրականացում, իսկ դրա համար ամենևին էլ հարկավոր չէ ունենալ արհեստավարժ ոստիկանություն ու ԱԱԾ։
Այս օրերին, երբ քրեական մթնոլորտը սրվել, հանցագործությունների թիվն էլ աճել է, բոլորը միաբերան անարգանքի սյունին են գամում ոստիկանությանը։ Իսկ ո՞րն է իրականում այս կառույցի առաքելությունը։ Ոստիկանությունը, կոպիտ ասած, հրամաններով աշխատող համակարգ է, որի լավ կամ վատ աշխատանքը պայմանավորված է այդ հրահանգների որակով ու այն հնչեցնող մարդու տեսլականով։ Նույնիսկ ամենաաբսուրդային հրահանգն ամենապրոֆեսիոնալ ոստիկանը չի կարող չկատարել, այլապես կստացվի, որ արհամարհում է պետական պաշտոնյային, տվյալ դեպքում` պետությունը։
Այս հանգամանքով պայմանավորված` տարբեր իշխանությունների ու ոստիկանապետերի օրոք ոստիկանության աշխատանքի որակն այլ է եղել։
Բայց, ի վերջո, այսօրվա իրավիճակի պատճառը ո՞րն է։ Մի կողմից` անլուրջ հրամաններ, մյուս կողմից` ոստիկաններից «թավիշ» քամելը։ ՈՒժային կառույցն ու թավիշը, իհարկե, դժվար է կողք կողքի դնելը, բայց Փաշինյանի իշխանությունում ինչն է շատ` հակասական իրավիճակները։
Երբ ուժային կառույցներին զրկում են ուժից ու փորձում ինչ-որ անհասկանալի բարեփոխումներ անել, ոչ միայն ոտնահարում են ու, ինչպես Փաշինյանը կասեր, աղբարկղ են նետում սպայի պատիվը, այլև իսպառ ոչնչացնում են պետական կարևորագույն օղակները, իսկ անվտանգային համակարգերը՝ զրոյացնում։
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քյարամյաններով լցնելով` բարոյական ու հոգեբանական ապտակ են հասցնում ոլորտի իրական նվիրյալներին, որոնք երկար տարիներ անխոնջ ծառայել են պետությանը՝ տուրք չտալով քաղաքական կամայականություններին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում