Հրայր Թովմասյան. Շուշիի ազատագրումը համահայկական հաղթանակ և վերածնունդ էր
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:
Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ և ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում և թիկունքում,
խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջև, և, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։
Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց ևս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ:
Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև:
Խաղաղ երկինք և բարգավաճում հայկական երկու պետություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
- Մայիսի 8-9.«Հարսանիք լեռներում»-ն ու Շուշիի ազատագրումը
- Շուշիի ազատագրման տարեդարձին ընդառաջ. «Իմ սեր Արցախ» ստեղծագործությունը նվիրված է արցախյան հաղթանակի հերոսներին