«Շուշին ազատագրելուց հետո ձյաձ Ժորան ասաց՝ Ալիևին պետք է ոսկե մեդալ տանք, որ այսքան զինամթերք է մեզ համար թողել»
«Թուրքերը նույնիսկ ասել էին, որ դրանք ինչ-որ տեղ հարսանիք են անելու, բայց չգիտեին, որ իրենց հարսանիքն ենք անելու»,- ասուլիսում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ խոսելով «Հարսանիք լեռներում» օպերացիայի և Շուշիի ազատագրման մասին։
Նա ընդգծեց, որ Շուշիի ազատագրումը լրիվ ազգային օպերացիա էր։
«Հետագայում ռուսների հետ հանդիպման ժամանակ ասում էին՝ ինչու էիք անում, ուժերի հարաբերակցություն չունեիք գրոհելու համար։ Ասում եմ՝ ուժերի հարաբերակցությունը հայերի մտածողության հարաբերկացություն էր, մեր ոգին ու գաղափարն ավելի ուժեղ էր, մեր մի զինվորը 100 էր դարձել։ Հայերի միասնության Սարդարապատն էր»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանը։
Ասուլիսին ներկա «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանի խոսքով, զարմանալին այն է, երբ հիմա նայում են, թե ինչ լեռներով են մարդիկ բարձրացել Շուշի, մտածում ես՝ հնարավոր բան չէր։
Նա պատմեց, որ խոտի տուկերով Շուշիի պառավոտի տակ հոսպիտալ էին սարքել, վիրավորներին անմիջապես իջեցնում էին այնտեղ։
«Թուրքերը, որ ուզում են, կարողանում են մտածել։ Նրանք իրենց զենքը պահել էին Ղազանչեցոց եկեղեցում, մտածելով, որ հայը երբեք չի կրակի իր եկեղեցու վրա։
Երբ որ սկսեցին այդ անթիվ, անհամար զենք, զինամթերքն արկղերով դուրս բերել, մեկն ասաց՝ հլը կապվեք ձյաձ Ժորայի (հրետանու հրամանատարը) հետ, թող գա, տեսնի, հարստացավ։ Նա վազելով եկավ ու բացում էր այդ արկղերն ու ասում՝ Ալիևին պետք է ոսկե մեդալ տանք, որ այսքան զինամթերք է մեզ համար թողել»,- ասաց Ա. Սերոբյանը։
Նրա խոսքով, Շուշին ազատագրելուց հետո ազատամարտիկները ոտքով իջում էին Ստեփանակերտ, բնակիչները նրանց ճանապարհին ծաղիկներ էին թափում։
«Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտը մի քիչ շնչեց։ Ստեփանակերտն ափի մեջ էր, որևէ մեկը չէր համարձակվում դուրս գալ փողոց, խփում ու գցում էին։ Երեխաներ կային, որոնք ծնվել էին ու 3-4 տարի նկուղներից դուրս չէին եկել, արևի լույս չէին տեսել»,- ասաց Ա.Սերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Շուշիի ազատագրումը համահայկական հաղթանակ և վերածնունդ էր
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
- Վիտալի Բալասանյան. Իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները
- Մայիսի 8-9.«Հարսանիք լեռներում»-ն ու Շուշիի ազատագրումը