Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը
Վաղը՝ մայիսի 9-ին, մեր ժողովուրդը կնշի ֆաշիզմի դեմ հաղթանակի 75 և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում ֆիզկուլտուրային աշխատանքները չեն դադարել:
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, 1943 թ. հոկտեմբերի 9 –ին , Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում է ընդունել միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ , ստեղծել 10 նոր մարզադպրոցներ և այլն : Նույն թվականի հուլիսին որոշվել է և 1945 –ին սկսել է գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվել է 11. 645 դահուկորդ , 15. 528 լողորդ, 25. 843 մենապայքարային մարզիկ , 42 հազար նռնականետորդ և այլն : Հայաստանում ֆիզկուլտուրային կոլեկտիվների թիվը հասել է 777-ի , իսկ մարզիկների քանակը` 33 հազար 451-ի :
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները : Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը : Բայց երևի քչերը գիտեն , որ «նժույգի արքան» Խորհրդային բանակի կազմում, հյուսիսկովկասյան ռազմաճակատում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ և 1943-ին ազդրից ծանր վիրավորվել է:
Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով է վերադարձել մարզադահլիճ : Կամքով արի մարտիկն ու մարզիկն իր մեջ ուժ է գտել վերականգնելու հաշմված ոտքը և դեռ ավելին` Հելսինկիում 1952 թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճել է երկուական ոսկե և արծաթե մեդալ :
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաև արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար են ընկել մարտադաշտում: Նրանք խաղային , մենապայքարային, ջրային , կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են և նրանց հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:
Հարգանք և խոնարհում պատերազմներում ընկած հայոց մարզաշխարհի մարդկանց հիշատակին:
ՀԱՕԿ-ը մարզաշխարհի մարդկանց անունից շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն :