Մարդասիրական օգնություն՝ ՔՈԱՖ-ի շահառուներին Լոռու մարզում
Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մարդասիրական բացառիկ օգնություն է ցուցաբերում Լոռու մարզի 1000 ընտանիքի։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Լոռու մարզին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը 60,000 եվրո է։ Եվրոպական միության այս ծրագիրն իրագործվելու է նաև Շիրակի և Տավուշի մարզերում՝ տեղական և մարզային իշխանությունների հետ սերտորեն համագործակցությամբ։
«Տնտեսական հետևանքով յուրաքանչյուր ճգնաժամ, ինչպիսին նաև սա է, բացասաբար է ազդում բնակչության խոցելի խմբերի վրա։ Մեր բարոյական պարտքն է օգնել կարիքի մեջ գտնվողներին և ուղղորդել վարակի տարածման սահմանափակման գործընթացում։ Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն օգնության ձեռք է մեկնում Հայաստանի մարզերին՝ ճգնաժամային իրավիճակը միասին հաղթահարելու համար»,- նշում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
ՔՈԱՖ-ի շահառու 26 գյուղական և 2 քաղաքային (Վանաձոր և Ալավերդի) համայնքների սոցիալապես խոցելի նշված ընտանիքներն աջակցություն են ստանալու 2 անգամ՝ ապրիլի վերջին ու մայիսին։ Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվող փաթեթը ներառում է առաջնային անհրաժեշտության պարենային մթերք, հիգիենայի պարագաներ ու գրենական պիտույքներ։
Սոցիալապես խոցելի ընտանիքների ընտրությունը հիմնված է ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների՝ տարիների սրտացավ աշխատանքի, լրջորեն կատարված հետազոտությունների, կարիքների գնահատումների ու պարբերական մոնիտորինգների արդյունքների վրա։
«ՔՈԱՖ-ը ԵՄ-ի համար վստահելի գործընկեր է, որն ունակ էր այս ծրագիրն իրագործել արագ, ինչն այս իրավիճակում շատ կարևոր է, և արդյունավետ, այսինքն՝ հասցեական, քանի որ տարիներ շարունակ մեր մասնագետներն աշխատում են գյուղում գյուղաբնակների հետ»,- բացատրում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Աջակցություն են ստանալու նաև ՔՈԱՖ-ի շահառու 26 գյուղական համայնքների բուժհաստատությունները։ Յուրաքանչյուր բուժհաստատության փաթեթ կպարունակի բժշկական առաջնային անհրաժեշտության պարագաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան