Facebook-ն ու Google-ը երկարացնում են տնից աշխատանքը մինչև տարեվերջ
Facebook-ը և Google-ը հայտնել են, որ աշխատակիցներին թույլ կտան շարունակել տնից աշխատանքը մինչև տարեվերջ։ Տեխնոլոգիական հսկաները հայտարարել են, որ շուտով իրենց գրասենյակները կբացեն, բայց թույլ են տալիս ավելի շատ տնային աշխատանքային ճկունություն: Այս մասին գրում է BBC-ն։
Google-ն ի սկզբանե հայտնել էր, որ կպահպանի իր աշխատանքի տնային քաղաքականությունը մինչև հունիսի 1-ը, բայց այն երկարացնում է ևս 7 ամիս:
Facebook-ն ասում է, որ կվերաբացի իր գրասենյակները հուլիսի 6-ին, քանի որ կորոնավիրուսային արգելափակումներն աստիճանաբար հանվում են:
Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը նշել է, որ աշխատակիցները, որոնք պետք է վերադառնան գրասենյակ, հուլիս ամսից կսկսեն դա անել՝ անվտանգության ուժեղացված միջոցառումներով: Սակայն աշխատողների մեծամասնությունը, որոնք կարող են աշխատանքը կատարել տնից, կկարողանան դա անել մինչև տարեվերջ։
Facebook-ը ևս հայտարարել է՝ յուրաքանչյուր ոք, որ կարող է հեռավար ճանապարհով կատարել իր աշխատանքը, կարող է այն անել տնից։
Տնից աշխատելու տենդենցը կարող է հարմար լինել որոշ ընկերությունների՝ մինչ նրանք վերակազմավորում են գրասենյակային տարածքները` սոցիալական հեռավորության նոր ուղեցույցներին համապատասխանեցնելու համար: Նշվում է, որ որոշ աշխատակիցներ կարող են հայտնվել նյարդային վիճակում՝ վերադառնալով աշխատանքի գլոբալ համաճարակի կեսին: