Ով այդպես է կարծում կա՛մ բութ է, կա՛մ սրիկա. Թունյան
«Ես նախանձում եմ մեր որոշ գործընկերների ինքնավստահությանը, որ հասկանալով ոչնչից՝ խոսում են ամեն ինչից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով կառավարության 2019 թվականի կատարողականին։
Պատգամավորի խոսքով, ընդդիմությունը պնդում է, թե իր քննադատություններն ուղղված են խնդիրների շուտ բացահայտմանն ու լուծմանը։
«Լավ եք անում, շնորհակալություն, բայց մի հատ եկեք նայենք, թե դուք ինչքանով եք հետևողական։ Խոսում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինչ-որ թվեր եք հնչեցնում, հետո մինչև ապացուցում ենք, որ այդ թվերը սխալ են, գալիս պարենային անվտանգությունից եք խոսում, մինչև ասում ենք՝ պարենային անվտանգության հետ կապված խնդիր չկա, գալիս ավիացիայից եք խոսում, կամ էլ հանցագործությունների թիվ եք ներկայացնում, թե 40 հազար հանցագործություն կա։ Ասում ենք՝ այդքան չկա, 26 հազար է, դուք էլ ասում եք, թե հանցագործությունների մասին հաղորդումներն են այդքան, և մտահոգիչ է, որ սեփականության նկատմամբ հանցագործություններն են շատացել։ Իսկ ո՞ր դեպքում մտահոգիչ չէր լինի, եթե բռնաբարությունների թիվն աճած լիներ, ասելու էիք, որ դրակա՞ն է այդ ամենը»,- նշեց Բ. Թունյանը։
Ըստ նրա, սոցիալական ցանցերում վայնասուն է բարձրացել, քանի որ վարչապետն ասել է՝ միլիոնավոր դրամներով ավանդներ ունեցող մարդիկ օգտվել են կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրից. «Աղմուկ են բարձրացնում, թե վայ, ժողովուրդ, բանկային գաղտնիքներն ապահով չեն, ձեզ հետևում են։ Ով այդպես է կարծում, կամ բութ է, կամ սրիկա։
Ասեմ ինչու, քանի որ այստեղ նստած պատգամավորներս, նաև մի քանի հարյուր պետական պաշտոնյաներ լրացնում են հայտարարագիր, որտեղ երևում է, թե նրանք ինչքան խնայողություններ ունեն, իսկ ՀՀ-ում կոմունալ վճարների գծով օգնություն մեկ ամսվա ընթացքում ստացել է բաժանորդների 90 տոկոսից ավելին»։
Այնուամենայնիվ, Բ. Թունյանը վստահություն հայտնեց, որ նման վերլուծություն անող մարդիկ ոչ թե բութ են, այլ սրիկա, քանի որ նրանք ունեն կոնկրետ նպատակ, որ մարդիկ իրենց հավատան և ավանդները բանկային համակարգից դուրս բերեն, ստեղծեն բանկային համակարգում լիկվիդայնության խնդիր, հետո դա բարդեն իշխանությունների գլխին։
«Ճիշտ նույն կերպ, ոնց որ անում էին փոխարժեքի դեպքում։ Կհիշեք, վերջին ժամանակներում փոխարժեքը բարձրացավ, ու մի քանի հոգի հրապարակային ելույթներով հայտնեցին, թե ժողովուրդ, շուտ արեք, ձեր ավանդները հանեք բանկերից, կամ ձեր մոտ եղած դրամն արագ փոխարկեք դոլարի։ Ինչո՞ւ են այդպես անում, որ մարդիկ հավատան, գնան իրենց մոտ եղած դրամը դարձնեն դոլար, ու բանկային համակարգում ընդհանուր ֆինանսական շուկան կանգնի լուրջ խնդրի առաջ։ Այսինքն՝ այս ամենն արվում է մեկ նպատակով՝ վնաս տալ»,- մեկնաբանեց Բ. Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
- 2019 թ. կառավարության ծրագրի բացասական ցուցանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան