«Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովը կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մայիսի 11-ին, ժամը 13:00-ին կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ընդունել է հանձնաժողովի հրավերը և հաստատել մասնակցությունը։ Կարապետյանից հետո քննարկվում է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին հրավիրելու հարցը։
Պարոն Սահակյանը ստացե՞լ է հրավեր, ստանալու դեպքում մասնակցելո՞ւ է նիստին՝ երեկ հարցրինք նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ Նա ասաց, որ հրավերի մասին ինքը տեղեկություն չունի. «Բայց գործող նախագահը հայտարարել է մեկ առիթով, որ չի հրաժարվի, եթե իրեն կանչեն»։
Նշենք նաև, որ այսօր՝ մայիսի 8-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կմասնակցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին և կներկայացնեն իրենց միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի վերջին նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել և պատրաստակամություն հայտնել անձամբ ներկայանալու դատարան, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվեց, և դատաքննությունը ձգձգվեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում