Մայիսի 8-9.«Հարսանիք լեռներում»-ն ու Շուշիի ազատագրումը
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը պատմում է. «Անշուշտ, գիտեք, որ Ադրբեջանի` մեր դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը։
Համակերպվել ստեղծված իրավիճակին նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ պաշտպանության պետական կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր կամ հնարավոր՝ եկեղեցիները, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր:
Եվ ահա, ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, - մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:
- Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:
- Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- ժպտալով պատասխանեց նա:
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում» (աղբյուրը՝ hayzinvor.am):
1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Շուշիի ազատագրումըn իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով:
Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պաշտնական էջից տեղեկանում ենք, որ պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը:
Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ:
Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները:
Ռազմագործողությունը ղեկավարել են Շուշիից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, այն վավերացված է հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանի և հրամանատարի տեղակալ Ռ. Գզողյանի ստորագրություններով: Ռազմական գործողությունը զարգացել է 4 ուղղություններով՝ հյուսիսային՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, արևելյան, հարավային՝ Լաչին, հյուսիսարևմտյան՝ Ջանհասան-Քյոսալարի:
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն է ցույց տվել: Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր. դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը և մայիսի 9-ին ավարտվել հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց:
«Մայիսի 8-ի կեսօրվա դրությամբ Շուշիի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից եւ արեւելքից: Ստեփանակերտի եւ Շոշ գյուղի ուղղություններից քաղաք մտած ազատամարտիկները կռիվներ էին մղում շուկայի շրջակայքում` քաղաքի կենտրոնական թաղամասերում: Ոչ պակաս դաժան մարտեր էին ընթանում նաև Շուշիի արևելյան թաղամասում` բանտի մոտակայքում: Երեկոյան ժամը 18-ին հայ մարտիկները վերջնականապես տիրացան քաղաքի կենտրոնին` ադրբեջանական զինյալների հսկողության տակ թողնելով միայն նրա հարավային հատվածը:
Քիրս լեռան ուղղությամբ գործող Ինքնապաշտպանության ուժերի ջոկատներն իրենց հերթին արդյունավետ գործողությունների շնորհիվ կարողացան գրավել Լիսագոր գյուղի մոտակայքում գտնվող կարեւորագույն բարձունքներից մեկը եւ վերահսկողության տակ առնել Շուշի-Լաչին մայրուղին: Այս հանգամանքը ադրբեջանցիների շարքերում խուճապի տեղիք տվեց: Ադրբեջանական բանակի արդեն բարոյալքված զինվորները, ինչպես եւ սպասվում էր, դարձան անկառավարելի եւ, տարանջատվելով, սկսեցին անկազմակերպ նահանջել:
Ստեղծված իրավիճակում ադրբեջանական բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հակամարտության գոտու ողջ երկայնքով մի շարք լայնածավալ ռազմական գործողությունների` նպատակ ունենալով հնարավորության սահմանում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղել Շուշի-Լաչին ռազմաճակատային հատվածում:
Մայիսի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ, ադրբեջանական ուղղաթիռները, ներխուժելով հանրապետության օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Միաժամանակ Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած տարածքում հայ ազատամարտիկները անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայով զինված ադրբեջանական կազմավորումների հետ, հակառակորդին ստիպեցին ձեռնպահ մնալ հետագա հարձակողական գործողությունները զարգացնելու մտադրությունից եւ նահանջել ելման դիրքեր` մարտադաշտում թողնելով 9 սպանված և 1 միավոր զրահատեխնիկա:
Նույն օրը ժամը 18.00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից կատարված ճեղքման բոլոր փորձերը նույնպես ավարտվեցին անարդյունք: Արցախ տանող երկաթե դարպասների անառիկությունն այդ օրերին փաստվեց: Յուրաքանչյուր քայլ կատարվում էր լրիվ մշակված ու կանխամտածված ձեւով:
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Միայն երկար ընդհատումներով քաղաքի տարբեր ծայրերից լսելի էին ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ին Շուշին լրիվությամբ ազատագրված էր: Իր 273-ամյա պատմության ընթացքում, Շուշիի բերդ-ամրոցը, որը միշտ էլ հայտնի է եղել իր անառիկությամբ, առաջին անգամ անձնատուր եղավ հանուն պատմական արդարության, հանուն տիրոջ սիրո: Երկու օր տևած մարտական այդ փայլուն ռազմագործողության ընթացքում ակնհայտ դարձավ հայրենիքին ծառայելու կոչված մարդկային արժանապատվության անվիճելի իրողությունը, որը ցայտուն կերպով դրսեւորվեց Ինքնապաշտպանության ուժերի 1-ին, 4-րդ, 6-րդ, Ակնաղբյուրի, Բալուջայի վաշտերի, հետախույզների և մյուս ստորաբաժանումների սխրագործություններում:
Վերացնելով հանարապետության տարածքում տեղակայված թշնամական կրակակետերերը և ազատագրելով Շուշի քաղաքը, ղարաբաղյան ուժերի առջև խնդիր դրվեց կարճ ժամանակահատվածում իրականացնել ինչպես օպերատիվ-ռազմավարական նշանակության խնդիրներ, այնպես էլ կենսական ամենահույժ կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման մարտական առաջադրանքը, որը հնարավորություն կտար ճեղքել Արցախը շրջափակող օղակը եւ ապահովել երկրամասի նորմալ կենսագործունեությունը»,- նշված է նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կայքում:
Հիշեցնենք, որ մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնի առիթով Արցախում տոնական միջոցառումներ չեն անցկացվելու։ կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում չեղարկվել են տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:
Լուսանկարները՝ Panorama.am-ի արխիվից։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի ազատագրման տարեդարձին ընդառաջ. «Իմ սեր Արցախ» ստեղծագործությունը նվիրված է արցախյան հաղթանակի հերոսներին
- Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն. Ռուբեն Մխիթարյան
- Շուշիում նշել են Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակը
- Շուշիում պաշտպանության բանակի համար սուրբ պատարագ է մատուցվել